Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ նույնպես կարող են տարածել վիրուսը. բրիտանացի պրոֆեսոր


Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ նույնպես կարող են տարածել վիրուսը. բրիտանացի պրոֆեսոր
Հունվար 24 20:48 2021

«Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութ ստացած մարդիկ կարող են փոխանցել վիրուսն այլ մարդկանց և պետք է շարունակեն հետևել մեկուսացման կանոններին: BBC News-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Անգլիայի գլխավոր բժշկի տեղակալը:

Պրոֆեսոր Ջոնաթան Վան-Թամը շեշտել է, որ գիտնականներին դեռևս հայտնի չէ պատվաստանյութի ազդեցությունը վիրուսի փոխանցման վրա: Նրա խոսքով՝ պատվաստանյութերը «հույս» են առաջարկում, սակայն վիրուսի տարածման տեմպերը պետք է արագորեն ճնշվեն:

Երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտնել է, որ թագավորության 80-ն անց բնակիչների 75 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը:

Ինչպես տեղական Oxford-AstraZeneca պատվաստանյութը, այնպես էլ ամերիկա-գերմանական Pfizer-BioNTech-ը երկու չափաբաժնով են ներարկվում:

Պրոֆեսոր  Վան-Թամի խոսքով՝ «ոչ մի պատվաստանյութ» 100 տոկոսանոց արդյունավետություն ցույց չի տվել, այդ իսկ պատճառով երաշխավորված պաշտպանություն չի կարող լինել:

«Հնարավոր է վիրուսով վարակվել պատվաստանյութը ստանալուց հետո 2-3 շաբաթվա ընթացքում, ավելի լավ է 3 շաբաթ անցնի ներարկումից հետո, որպեսզի իմունային արձագանքն ամբողջովին ձևավորվի տարեց մարդկանց մոտ»,- նշել է մասնագետը:

Մեծ Բրիտանիայում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3,6 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 97 հազարը: