Բայդենը երդմնակալության հաջորդ օրը Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ հրամանագիր կստորագրի. CNN


Բայդենը երդմնակալության հաջորդ օրը Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ հրամանագիր կստորագրի. CNN
Հունվար 17 15:30 2021

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հունվարի 20-ին երդմնակալության արարողությունից հետո ծրագրում է տասնյակից ավել հրամանագրեր ստորագրել, այդ թվում՝ Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին վերադառնալու և գերազանցապես մահմեդական երկրներ ուղևորության արգելքի վերացման մասին հրամանագրերը, ԱՄՆ վարչակազմի նոր ղեկավար Ռոն Քլեյնի տարածած հաղորդագրությանը հղումով գրում է CNN-ը։

Բայդենի նախընտրական խոստումներն ընդգրկում էին կլիմայի փոփոխությունից մինչև ներգաղթի և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։

«Նախընտրական արշավի ժամանակ Բայդենը խոստացել է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ ճգնաժամերը լուծելու համար։ Նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա կկատարի այդ խոստումները և կստորագրի տասնյակ հրամանագրեր, նախագահական հուշագրեր և կառավարական հրահանգներ»,- հայտնել է Քլեյնը:

Բայդենի երդմնակալության հաջորդ իսկ օրը, Կլայնի խոսքով, նա «կստորագրի մի շարք հրամաններ, որոնք ուղղված են COVID-19 ճգնաժամին, դպրոցների ու ձեռնարկությունների անվտանգ վերաբացմանը՝ թեստավորման ընդլայնման, աշխատողների պաշտպանության և հանրային առողջապահության հստակ չափորոշիչների սահմանման միջոցով»։

Նրա խոսքով՝ Բայդենն իր պաշտոնավարման առաջին օրը նաև փարիզյան համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ հրամանագիր կստորագրի։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դուրս է եկել համաձայնագրից 2017 թվականի ամռանը:Փարիզի համաձայնագիրը կլիմայի վերաբերյալ առաջին համաշխարհային համաձայնագիրն է, որը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերին: Այն վավերացրել է 170 երկիր, որոնք պարտավորվել են միջոցներ ձեռնարկել արտանետումների նվազեցման համար: