Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ ժամանակ, բա ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում. Ջհանգիրյանը՝ Մատաղիսի գործի մասին


Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ ժամանակ, բա ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում. Ջհանգիրյանը՝ Մատաղիսի գործի մասին
Հունվար 13 13:28 2021

Ինձ առաջարկել է «Իմ քայլը» խմբակցությունը եւ ոչ թե վարչապետը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որին «Իմ քայլը» մտադիր է առաջադրել որպես ԲԴԽ անդամի թեկնածու:

Նա ընդգծեց, որ ԲԴԽ անդամը պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի։

Դիտարկմանը, որ իրավապաշտպանների շրջանում կա մտահոգություն, որ դուք չեք կարող օբյեկտիվ ԲԴԽ անդամ լինել, մատնանշում են Մատաղիսի գործը՝ ձեր՝ զինդատախազ եղած ժամանակ, իբրեւ ձեր կառավարման տարիներին կոծկվել են մի շարք հանցագործություններ, Ջհանգիրյանն արձագանքեց. «Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ՝ դատախազ եղած ժամանակ։ Բա հիմա 2 տարի Քննչական դեպարտամենտում այդ գործը քննվում է, բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան, ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում, եւ չեն առաջադրել նաեւ նախորդ իշխանությունները, որ ես այդտեղ հանցագործություն եմ կատարել։

Մատաղիսի գործով երբ այդ դատապարտյալները ազատվել են կալանքից, ես արդեն պաշտոնավարել եմ Գլխավոր դատախազությունում, Զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը։ Լրացուցիչ նախաքննության արդյունքներում նոր Զինվորական դատախազը նույն մեղադրյալներին նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացությունը նույն հոդվածներով և ուղարկել դատարան։ Դատարանում գործը քննելիս զինվորական դատախազը եղել է Գևորգ Կոստանյանը։  Գևորգ Կոստանյանն այդ գործը տարել է մինչև վերջ»։