Կառավարության այսօրվա՝ հունվարի 11-ի որոշմամբ Հայաստանում կարանտինը երկարաձգվում է 6 ամսով:
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով.
2) որոշման հավելվածի՝
ա. 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության տարածք» բառերից հետո լրացնել «օդային և ցամաքային սահմանային անցման կետերով» բառերով,
բ. 9-րդ կետում «սույն հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված անձանց» բառերը փոխարինել «միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են Հայաստանի Հանրապետության տարածքը)» բառերով,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Անձին 14 օրացուցային օրով ինքնամեկուսացման հրահանգ տրվում է անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման:»,
դ. 1-ին, 11-րդ, 13-րդ, 13․1-ին և 14-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է համավարակի հիվանդացության աճի երրրորդ ալիքի վտանգի մասին (հաշվի առնելով մի շարք այլ երկրների փորձը՝ Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն), տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Հիմք ընդունելով վերը նշվածը` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը մեր երկրում նվազեցնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և պետական սահմանի անցման բոլոր կետերում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվում է 6 ամսով՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը ժամը 17:00-ն։
Միաժամանակ, հաշվի առնելով ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների որոշակի մեղմացումներ, մասնավորապես.
• Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը (նախկինում՝ սույն պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում):
• Ուժը կորցրած են ճանաչվել հանրային միջոցառումների իրականացմանը ներկայացվող սահմանափակումները, այդ թվում՝ հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները։