Բրազիլիայում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ


Բրազիլիայում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ
Դեկտեմբեր 23 10:02 2020

Բրազիլացի գիտնականները Ռիո դե Ժանեյրո նահանգում նույնականացրել են կորոնավիրուսի նոր շտամ, հայտնում է Globo-ն:

«Մենք չունենք այն բանի հաստատումը, որ այս մուտացիան մեծ վտանգ է ներկայացնում: Բայց սա վկայում է նահանգի տարածքում վիրուսի ինտենսիվ շրջանառության, ինչպես նաեւ այն մասին, թե որքան կարեւոր են սոցիալական հեռավորության պահպանումը եւ հսկողությունը»,- ասել է Գիտական հաշվումների ազգային լաբորատորիայի բիոինֆորմատիկայի լաբորատորիայի գիտական խմբի ղեկավար Աննա Թերեզա Վաշկոնսելուշը: Հստակեցվում է, որ խոսքը վերաբերում է երկրի տարածքում արդեն տարածված B.1.1.28 տարատեսակի մուտացիային:

Նոր շտամի հետազոտությունների արդյունքում կենսաբանները պարզել են, որ այն «մայր» վիրուսից տարբերվում է 180 գենոմից 38-ում կատարված մուտացիաներով: Ինչպես եւ բրիտանական շտամի դեպքում, Ռիո դե Ժանեյրոյում հայտնաբերված կորոնավիրուսսի նոր տարատեսակի նմուշների 94 տոկոսը S-սպիտակուցում ունի E484K մուտացիան: Գիտնականներին նաեւ հաջողվել է պարզել, որ ինֆեկցիայի հարուցիչի այս տարատեսակը Ռիո դե Ժանեյրոյում հայտնվել է դեռեւս հուլիսին, որից հետո դրա հետքերը հայտնաբերվել են նահանգի 19 տարբեր քաղաքներում: Այս պահին ստուգվում է՝ նոր շտամը նահանգում գերիշխո՞ղ է արդյոք դարձել:

Բրազիլիան, որտեղ վարակման առաջին դեպքը հաստատվել էր փետրվարի 26-ին, վարակվածների առավել մեծ թվով պետությունների ցանկում ԱՄՆ-ից եւ Հնդկաստանից հետո երրորդ տեղում է (7 318 821 դեպք): Մահերի թվով (188 259) զիջում է միայն Միացյալ Նահանգներին: Անցյալ շաբաթ երկրում գրանցվել է համավարակի սկզբից ի վեր ռեկորդային 333 028 վարակման եւ մահվան 5 233 դեպք (սեպտեմբերի կեսի մակարդակ):

Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հայտնել էր, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի մուտացված տարբերակ, որի հետ կարող է կապված լինել Անգլիայի հարավարեւելյան հատվածում դրա առաջացրած հիվանդության արագ տարածումը: Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ նախնական տեղեկություններով նոր շտամը կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, սակայն դրա մեծ մահաբերության ապացույցներ չկան: Մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, դադարեցրել են Միացյալ Թագավորության հետ ավիահաղորդակցությունը: