Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայթուցիչով ժամը 04։30-05։00-ի սահմաններում պայթեցրել են Վարդենիս քաղաքում՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տներից մեկի մոտ կայանված վիճակում գտնվող Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 62-ամյա «Պստի Հակոբ» մականվամբ Հակոբ Սիմոնյանին պատկանող BMW մակնիշի 50 QT 101 համարանիշի ավտոմեքենան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վնասվել է ավտոմեքենան և «Պստի Հակոբի» տան ապակիները:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանի և ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Վարդենիսի դատախազ Սևակ Շհոյանը: Փաստի առթիվ մարզի քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ:













