Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ իրավունքներն իրականացնել օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները. ՀՀ ոստիկանություն


Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ իրավունքներն իրականացնել օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները. ՀՀ ոստիկանություն
Դեկտեմբեր 8 10:58 2020

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին կոչ է անում հարգել օրենքը և պահպանել համակեցության կանոնները:

«Ոչ ոք չի կարող սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, բայց հիշեք, որ բոլո՛ր քաղաքացիներն ունեն կարծիքի ազատ արտահայտման, ազատ տեղաշարժվելու, անդորրի և այլ սուբյեկտիվ իրավունքներ: Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները:

Հիշեք, որ ձեր իրավունքներն օրենքին հակառակ եւ չարաշահումով իրականացնելը, ինչը դրսեւորվում է փողոցների շրջափակումով, տրանսպորտի երթեւեկության կազմալուծմամբ, առաջացնում է վարչական պատասխանատվություն: Չխանգարենք ոչ մեկին, չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը: Հարգենք բոլորին և հարգենք ինքներս մեզ, թույլ չտանք հակահասարակական արարքներ, որոնք կարող են անվստահություն սերմանել օրենքի և օրինականության հանդեպ: Ոստիկանությունը հավատարիմ է իր գործառույթների իրականացմանը՝ ապահովել օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, անդորրն ու անվտանգությունը:

Համոզված ենք, որ սա նաև հասարակության առաքելությունն է և համագործակցության ենք կոչում քաղաքացիներին՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի բարօրության»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ: