ԱՄՆ-ն կդիտարկի Ուկրաինային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարելու հնարավորությունը. RT


ԱՄՆ-ն կդիտարկի Ուկրաինային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարելու հնարավորությունը. RT
Դեկտեմբեր 8 10:15 2020

ԱՄՆ կառավարությունը կդիտարկի Ուկրաինային կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութ մատակարարելու հարցը: Այս մասին հայտնել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինը՝ Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

RT-ի փոխանցմամբ, երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ստեփանովը զրույցի ընթացքում դիմել է «Ուկրաինան որպես պատվաստանյութ ստանալու պոտենցիալ առաջնային թեկնածու» դիտարկելու խնդրանքով:

Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինը վստահեցրել է, որ ինքը և իր թիմը կանեն հնարավորը, «որպեսզի Ուկրաինան ամենակարճ ժամկետում ստանա COVID-19-ի դեմ պատվաստանյութը»:

 

Ամերիկացի դիվանագետի խոսքերով՝ ԱՄՆ-ն ողջունում է Ուկրաինայի առողջապահության նախարարության դիրքորոշումը «ռուսական պատվաստանյութն օգտագործելուց հրաժարվելու» մասին:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկիրը հույս ունի ներմուծել COVID-19-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 8 միլիոն չափաբաժին: