«Հայաստանը դեռ չի կարող անել պատվաստանյութի վերջնական գնում». ԱՆ խոսնակ


«Հայաստանը դեռ չի կարող անել պատվաստանյութի վերջնական գնում». ԱՆ խոսնակ
Դեկտեմբեր 7 18:08 2020

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել. «Հայաստանը դեռ չի կարող անել պատվաստանյութի վերջնական գնում:
     Սոցիալական ցանցում Yerevan.Today գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ապատեղեկատվություն է տարածում:
     Նա պնդում է, թե առողջապահության նախարարությունը 6 միլիոն դոլարից ավելի ամերիկյան պատվաստանյութի համար է վճարել: Ցիտում եմ. «որը ո՛չ լիցենզավորում ուներ, ո՛չ կիրառման թույլտվություն ու մինչև հիմա հանրությանը ոչինչ հայտնի չէ դրա մասին»:
     Առողջապահության նախարարությունը մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության որևէ կոնկրետ պատվաստանյութի համար գումար չի վճարել:
     Հակոբյանը իր գրառման սկզբում գրել է, որ Հայաստանը «Կովաքս» պլատֆորմի հետ ստորագրել է համաձայնագիր COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Նախատեսվում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ 300 հազար հոգու համար։ Արժեքը 6 միլիոն 330 հազար դոլար է։
     Սակայն, բաց է թողել ամենակարևորը. Պլատֆորմի հետ համագործակցում են աշխարհի 180-ից ավելի երկրներ։ Այստեղ ուսումնասիրվում են գրանցված պատվաստանյութերը, այդ թվում՝ ռուսականը: Պատվաստանյութերի բոլոր հավանական թեկնածուները դեռ անցնում են կլինիկական փորձարկումներ և որևէ մեկը դեռ բոլոր փուլերը չի անցել։ Ըստ այդմ՝ Հայաստանը դեռ չի կարող անել պատվաստանյութի վերջնական գնում»: