ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
Դեկտեմբեր 5 00:15 2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Երևանին և Բաքվին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ երկարատև խախաղության հասնելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որպեսզի կարողանան կայուն կարգավորման հասնել: Նա նաև կոչ է անում Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին և ժողովուրդներին կանգնել երկխոսության ճանապարհին, որը տարածաշրջանում բերում է խաղաղության, կայունության և բարգավաճման»,- ասել է Դյուժարիկը:

Գլխավոր քարտուղարը ողջունել է հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունը և կոչ արել «բոլոր կողմերին շարունակել իրագործել հայտարարության դրույթները, ինչպես նաև միջազգային պարտավորվածությունները, մասնավորապես՝ միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պահպանման ոլորտում»:  

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:



loading...