Առանձնացրել ենք 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ


Առանձնացրել ենք 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ
Դեկտեմբեր 2 08:38 2020

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում ենք գերիների վերաբերյալ մեր ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները:

Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:

Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ: Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում»: