Փաշինյանի խոսքով, ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում.azatutyun.am


Փաշինյանի խոսքով, ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում.azatutyun.am
Նոյեմբեր 25 17:19 2020

Հայաստանի վարչապետի խոսքով, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իր հրաժարականի մասին ընդդիմության կոչերին հայաստանցիները չեն աջակցում։

Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսաստանյան ТАСС գործակալությանը՝ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներից մինչև եռակողմ հայտարարությունում եղած ձևակերպումների կյանքի կոչմանը։

«Գիտեք, մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայում փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում», - ասել է վարչապետը:

Այս հարցազրույցում ևս Փաշինյանը չի հստակեցրել՝ արտահերթ ընտրությունների անցկացման ծրագիր ունի՞, թե՞ ոչ։ Նոր ընտրությունների անցկացման կարևորությունը ոչ միայն ընդդիմադիրներն են կարևորում, այլև Հանրապետության նախագահը՝ «երկիրը ցնցումներից զերծ պահելու համար»։

Փաշինյանը կարծիք է հայտնել, թե հիմա ավելի կարևոր հարց կա՝ Հայաստանի կայունության և անվտանգության վերականգնումը՝ հավելելով, որ նկատի ունի ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգությունը․ - «Ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, և առաջիկա 6 ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում իրավիճակը, տնտեսական կայունությունը: Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ, թե ինչ պետք է անենք հետագայում»:

Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե Հայաստանում բողոքական տրամադրությունները կարող են սպառնալ իր, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությանը․ - «Իմ կարծիքով, հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար»:

Ղարաբաղում ռուսական զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է, հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ՝ եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։

Հայաստանի վարչապետը ТАСС-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե ռուս խաղաղապահների մնալու ժամկետը չի սահմանափակվի 5 տարով․ - «Քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով: Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն: Գիտեք, կարծում եմ, որ այս պահին գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության ապահովումն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը: Եվ ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուսաստանյան խաղաղապահները հաջողությամբ կգործեն և իրապես կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը»:

Ոչ մի հստակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսման մասին։ Բայց Փաշինյանը հույս է հայտնել, թե համանախագահների հետ աշխատանքային լիարժեք գործընթացը շատ շուտով կվերականգնվի։

Բայց այս պահին առաջնահերթությունը, նրա կարծիքով, գերիների և կալանավորված անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, անհետ կորածների հարցի լուծումն է։ Եվ պետք է հենց դրա վրա կենտրոնանալ․ - «Գիտեք, փաստացի կա կոնսենսուս, համենայնդեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, և Հայաստանը համաձայն է այդ տեսակետի հետ՝ որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եվ այն հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությամբ, պետք է բանակցությունների առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է փախստականների վերադարձ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած գյուղեր։

 

Azatutyun.am