Մարդիկ տեղափոխում են իրենց իրերը, հոտը․ Մարտակերտի 7 գյուղերը դատարկվում են մինչեւ Ադրբեջանին հանձնելը


Մարդիկ տեղափոխում են իրենց իրերը, հոտը․ Մարտակերտի 7 գյուղերը դատարկվում են մինչեւ Ադրբեջանին հանձնելը
Նոյեմբեր 19 18:36 2020

Այժմ Նոր Սեյսուլան գյուղում եմ, վերջին տներից արդեն մարդիկ տեղափոխում են իրենց իրերը, իրենց հոտը․․․

Այժմյան Մարտակերտի, սովետական Ադրբեջանի Աղդամի շրջանում գտնվող, եռակողմ համաձայնությունից հետո Ադրբեջանին հանձվող 7 գյուղերից մարդկանց տեղահանման գործընթացը ավարտին է մոտենում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը։

«Այժմ Նոր Սեյսուլան գյուղում եմ, վերջին տներից արդեն մարդիկ տեղափոխում են իրենց իրերը, իրենց հոտը։ Մարտակերտ են տանում, Մարտակերտի հարակից գյուղեր են տանում, որոշներն անգամ Հայաստան են տանում։ Մարդկանց օգնում, ավտոմեքենաներ ենք տրամադրում,  ով մեքենա ունի, վառելիք ենք տրամադրում»,- ասաց նա՝ հայտնելով, որ բնակիչներից ոմանք հրկիզում են իրենց տները՝ նախքան Ադրբեջանին հանձնելը։

Ավելի քան 2000 բնակիչ է տեղահանվում Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերից։

Բնակիչները միայն մեկ օր առաջ էին տեղեկացել, որ այդ գյուղերը նույնպես հանձնվում են Ադրբեջանին, քանի որ նախկինում եղել են Աղդամի շրջանում։ Նրանց ժամանակ էր տրվել տեղահանվելու մինչեւ այսօր ժամը 23։00-ն։

Նշենք, որ գյուղերը տեղակայված են անմիջապես Մարտակերտ - Ստեփանակավն մայրուղու հարեւանությամբ։