Վարչապետի հրաժարականի պահանջով Երևանի Ազատության հրապարկում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն անդրադարձավ հասարակության պառակտմանը, ինչը, ըստ նրա, տեղի է ունեցել վերջին 2.5 տարում: Գեղամ Մանուկյանը նախ հիշատակեց, որ այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է, այնուհետև ասաց, որ 2018-ին այսօրվա իշխանությունը գնացել է սրբապղծության։
«Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է այսօր, իսկ դուք կեղծ պապիկ էիք բերել մարդկանց խաբելու համար, ծաղկեպսակներ ու սև ժապավեններ ենք կապել երիտասարդ մարդկանց տների մոտ, սպառնացել եք, սուտ լուրեր եք տարածել, դա մնացել է անցյալում ձեր հետ եկել, ձեր հետ գնալու է, սև ու սպիտակ ՀՀ-ում չեն լինելու»,-ասաց Գեղման Մանուկյանը:
Նա, խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ նրա նման կեղծ մեղադրանքներ չեն առաջադրվելու, մահամերձ չի դարձնելու, չի արժեզրկելու մեր երկրի հերոսներին, որովհետև դաս են քաղել, որովհետև բոլորը տեսել են, որ ազատագրված Արցախ են կորցրել, հիմա էլ ամեն քայլափոխի մեղադրում են բոլորին՝ կամավորականին, 18-ամյա երիտասարդին, սպային, ենթասպային, գեներալներին, ոստիկաններին ու նրանց զոհված ծառայածներին և նույնն էլ կրկնվում է Արցախում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։










