«Ջիգարխանյանի տանը, հավանաբար, հուշատախտակ կփակցվի. հնարավոր է՝ նրա պատվին փողոցներ կամ թատրոն անվանակոչվեն». Մոսկվայի քաղաքային դումայի ներկայացուցիչ


«Ջիգարխանյանի տանը, հավանաբար, հուշատախտակ կփակցվի. հնարավոր է՝ նրա պատվին փողոցներ կամ թատրոն անվանակոչվեն». Մոսկվայի քաղաքային դումայի ներկայացուցիչ
Նոյեմբեր 14 08:17 2020

Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի և զանգվածային հաղորդակցության հարցերով հանձնաժողովի նախագահ, դերասան Եվգենի Գերասիմովը հայտարարել է, որ հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի տանն, ամենայն հավանականությամբ, հուշատախտակ կփակցվի: Դերասանի ընկերների, գործընկերների, թատրոնի կամ հասարակական կազմակերպությունների ներկայացրած առաջարկների հիման վրա՝ հնարավոր է, որ նրա պատվին որևէ փողոց կամ թատրոն անվանակոչվի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Ցավալի է, որ վերջին տարիներին նա ստիպված էր շատ փորձությունների միջով անցնել: Ջիգարխանյանը հրաշալի դերասան է: Նա իր խաղով առաջ անցավ բոլորից...չկար որևէ դեր, որից նա երբևէ կարող էր ամաչել»,- նշել է Գերասիմովը և հավելել, որ բախտ է ունեցել թատրոնում և անգամ նույն բեմի վրա աշխատել հայազգի դերասանի հետ: 

«Հաճույքով նրան էի նայում ներկայացումներում, քանի որ ամեն անգամ նա ինքն իրեն չէր դավաճանում, սակայն ամեն անգամ տարբեր էր ներկայանում: Չեմ պատկերացնում մի դեր, որ նա չկարողանար խաղալ, նա ամեն դեր կարող էր կերտել: Երջանկություն է, որ նրա հետ մի բեմի վրա խաղալու հնարավորություն եմ ունեցել»,- նշել է Գերասիմովը:

Վերջինս կարծում է, որ Ջիգարխանյանն առաջ հերթին մարդկանց հուշերում կմնա որպես ականավոր դերասան: 

Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 14-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: 

 

Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է:

Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

 

Ջիգարխանյանը ԽՍՀՄ ամենաշատ նկարահանվող դերասաններից է եղել, կինոյում և հեռուստաֆիլմերում նա ավելի քան 250 կերպար է մարմնավորել: