Ինձ ոչ թե նշանակել են, այլ ընտրվել եմ 21 000 քաղաքացու կողմից: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Դավիթ Մանուկյանը, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է:
Դիտարկմանը՝ ստացվում է՝ Հայաստանում սերնդեսերունդ է իշխանությունը փոխանցվում, Մանուկյանն այսպես արձագանքեց. «Ինձ ՀՀ 21 000 քաղաքացի ընտրել է, ես չգիտեմ՝ ում ինչ է փոխանցվել»: Հարցին՝ ո՞ր արժանիքի համար են ընտրել Ձեզ, Մանուկյանը պատասխանեց. «Էդ հարցը պետք է ուղղել բնակիչներին, պետք է հարցում կատարել, այդ հարցին կարող են պատասխանել Կոտայքի մարզի բնակիչները»:
Հնարավոր է կաշառքի միջոցո՞վ են այդ ձայները գոյացել հարցին, Մանուկյանը պատասխանեց. «Չկա նման բան, բացառվում է»: Նորընտիր պատգամավորը նաև ասաց, որ իր աշխատանքը հենց խորհրդարանում էր պատկերացնում: Դիտարկմանը՝ բայց Դուք քաղաքական գործունեություն նախկինում չեք ծավալել, Մանուկյանն այսպես արձագանքեց. «Իսկ ներեղություն, մնացած քաղաքական գործունեություն ծավալող մարդիկ մորուց ըտե՞նց են ծնվել: Աստիճանաբար դարձել են: Ես էլի եմ ասում, ինձ ՀՀ 21 հազար քաղաքացի ձայն է տվել»:
Ձեր անունը հաշվի առնելո՞վ են ընտրել Ձեզ, թե Ձեր հայրիկի հարցին Մանուկյանն այսպես պատասխանեց. «Ես իհարկե հպարտանում եմ իմ հայրիկով, նրա անցած ճանապարհով, բայց Կոտայքի մարզի բնակիչները ընտրել են Դավիթ Մանուկյանին»:
Մանրամասները՝ տեսանյութում:










