Հայաստանում հունական համայնքի միության նախագահ Մարիա Լազարևան «Мир и Омониа» հրատարակությանը տված հարցազրույցի ընթացքում պատմել է հայ-հունական բարեկամական կապի, Հայաստանում և Արցախում ապրող հույների և այս ծանր օրերին հայ ժողովրդի կողքին կանգնելու նրանց պատրաստակամության մասին։
Լազարևայի խոսքով՝ Հունական համայնքների միությունը Հայաստանում արդեն 30 տարի է ինչ գործում է․ այն լայն գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ապրող հույների ինքնության պահպանման, ինչպես նաև հայ-հունական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Խոսելով Արցախում ապրող հույների մասին՝ միության ղեկավարը նշել է, որ չնայած տարիների ընթացքում նրանց թիվը կտրուկ նվազել է՝ հասնելով ընդամենը 40-ի՝ այնուամենայնիվ համայնքի տղամարդիկ իրենց ՀՀ քաղաքացիներ են համարում, ուստի՝ զենքը ձեռքներին նրանք նույնպես պայքարում են հայրենիքի համար։ Նշվում է, որ համայնքի կանայք այս օրերին հիմնականում Հայաստանում են գտնվում։
Լազարևան ընդգծում է, որ միությունը նաև գործունեություն է ծավալում Արցախում կատարվող իրադարձությունները հունարեն լուսաբանելու ուղղությամբ։
«Հունաստանում լավ տեղյակ են՝ ինչ է այստեղ կատարվում,և բարեբախտաբար հույների մեծ մասը չի տրվում թուրքական և ադրբեջանական քարոզչամեքենայի հրամցրած կեղծիքին։ Հույները լավ գիտեն հայերին, որոնց իրենց եղբայրներ են համարում և գիտեն թուրքերին, ադրբեջանցիներին, որոնք արդեն հմտացել են իրենց պատմությունն աղավաղելու հարցում»,- նշում է միության ղեկավարը, որը կիսով չափ հայ է, կիսով չափ՝ հույն։
Եվ վերջում խոսելով Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հնարավոր զարգացումների մասին՝ Լազարևան մեջբերել է «նրանք փորձեցին թաղել մեզ, բաց չգիտեին, որ սերմեր ենք» հայտնի արտահայտությունը և վստահաբար նշել, որ հայ ժողովրդի պատմության մեջ շատ ավելի բարդ պահեր են եղել, բայց հայերն ապրել են ու հաղթել մահին, քանի որ անհաղթ են։
«Հայ ժողովրդի պատմության մեջ շատ ավելի բարդ պահեր են եղել, բայց հայերն ապրել են ու հաղթել մահին, քանի որ անհաղթ են»․ Հայաստանում հունական համայնքների միության նախագահ










