Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման գործառույթները․ Ոստիկանություն (տեսանյութ)


Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման գործառույթները․ Ոստիկանություն (տեսանյութ)
Հոկտեմբեր 29 19:25 2020

Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով:

Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը:Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է, որովհետև լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար:

Նման իրավիճակն անհանդուրժելի է:Ոստիկանությունը հոկտեմբերի 23-ից այս ուղղությամբ անցել է ուժեղացված ծառայության ռեժիմի: Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները:

Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով:Քաղաքացիներին կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը և ոստիկանների հետ համագործակցությամբ նպաստել մեր հաղթանակին նաև այս ճակատում: