Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Փաշինյան


Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Փաշինյան
Հոկտեմբեր 26 20:00 2020

Օրվա երկրորդ կեսից հրադադարը չի հաջողվել պահպանել՝ Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր երրորդ անգամ․ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 
 
 

«Կեսգիշերն անց ես հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, իրեն ասել եմ՝ սա մեզ համար երրորդ հրադադարն է, ու կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը։ Ասել եմ՝ վաղը մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի»,- հայտարարեց Փաշինյանն ու ներկայացրեց՝ հարց է բարձրացրել, որ եթե հրադադարը չպահպանվի, ինչպես է որոշվելու, թե ով է խախտող կողմը և ինչ հետևանքներ է այն ունենալու խախտող կողմի համար։ Վարչապետը վստահեցրեց՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներն ամենայն անկեղծությամբ են ցանկանում հասնել հրադադարի, և այդ երկրների ղեկավարներն իրենց պատասխանատվությունն ու անունն են դնում այդ հրադադարի պայմանավորվածության տակ։ 

Ըստ նրա՝ Հայաստանը բանակցային գործընթացում վերջին շրջանում եղել է ճկուն, սակայն Ադրբեջանը ոչ թե ցանկանում է փոխզիջումների հիման վրա լուծում, այլ պահանջ ունի Արցախի կապիտուլյացիայի. «Հայ ժողովուրդը պատրա՞ստ է փոխզիջումների, այո՛, ես կարծում եմ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների։ Բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի։ Ոչ, հայ ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի ու հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի իր իրավունքները պաշտպանելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ Հայաստանը գործում է իր շահերի եզրագծին։

Նա խոսեց նաև մարտի դաշտից փախուստի դեպքերի մասին ու հայտարարեց՝ հանրության մեջ պիտի լինի տրամադրություն, որ մարտադաշտից փախածը պիտի արժանանա ամենասուր պարսավանքին։ Մասնավորապես Փաշինյանն ասաց.  «Բոլոր էն մարդիկ, ովքեր որևէ պատճառով լքել են իրենց վստահված պոստը, տեղը, պիտի իմանան, որ արժամանալու են հանրային պարսավանքի, ու որևէ պատճառաբանություն չի ընդունվելու»։ 

Վարչապետն ասաց, որ որ զինկոմիսարիատների դիմաց 24 ժամ հերթեր պետք է լինեն․ «Պատերազմում փլավ չեն բաժանում։ Մեր երկրում այսօր պիտի թասիբը եռար, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը պիտի լինեին թասիբի կաթսա, ու Սփյուռքի թասիբը եռում է։ Հայաստանում թասիբը դեռ այդքան չի եռում»,- ասաց Փաշինյանը։