Սիրիայում հազարավոր հայեր ու արաբներ բողոքի ակցիա են արել՝ դատապարտելով ադրեջանաթուրքական ագրեսիան՝ հայ ժողովրդի դեմ


Սիրիայում հազարավոր հայեր ու արաբներ բողոքի ակցիա են արել՝ դատապարտելով ադրեջանաթուրքական ագրեսիան՝ հայ ժողովրդի դեմ
Հոկտեմբեր 26 17:46 2020

Սիրիայի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Հալեպում, հազարավոր հայեր, արաբներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ ադրեջանաթուրքական ագրեսիայի, ինչպես նաեւ զորակցություն հայտնել հայ ժողովրդին եւ Արցախին։

NEWS.am-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանն ասաց, որ բողոքի ակցիան կազմակերպվել է երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Հալեպի կենտրոնական հրապարակում։

«Ակցիային մասնակցում էին բազմահազար մարդիկ՝ հայեր, արաբներ, հոգեւորականներ, իրենց կրոնական խորհրդի հոգեւորականներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Բոլորը դատապարտեցին հայ ժողովրդի դեմ արվող այս ոճրագործությունը, հատկապես Էրդողանի այս թշնամական կեցվածքը հայ ժողովրդի դեմ, միջազգային ախորժակները, ոտնձգությունները, քաղաքական խառնակչությունները»,- պատմեց հայ պատգամավորը։

Ժիրայր Ռեիսյանն ասաց, որ ակցիայի մասնակիցները դատապարտել են նաեւ Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումներին այս ռազմական գործընթացում ներգրավվելու քայլը. «Սա կազմակերպված ահաբեկչություն է հայ ժողովրդի դեմ։ Այս ահաբեկչական խմբավորումների քայլերն այնքան ծանոթ են աշխարհին»։

Հայ պատգամավորը պատմեց, որ Հալեպի հրապարակում ծածանել են Հայաստանի եւ Արցախի պետական դրոշները, հանդես եկել զորակցության եւ դատապարտման խոսքերով։



loading...