«Եթե օրինականացնենք Թուրքիայի մասնակցությունն Ապշերոնում, ուղիղ կես տարի անց նրանք կլինեն Կազանում». ռուս քաղաքագետն ընդգծել է ՌԴ-ի՝ Անկարային կոշտ պատասխան տալու անհրաժեշտությունը


«Եթե օրինականացնենք Թուրքիայի մասնակցությունն Ապշերոնում, ուղիղ կես տարի անց նրանք կլինեն Կազանում». ռուս քաղաքագետն ընդգծել է ՌԴ-ի՝ Անկարային կոշտ պատասխան տալու անհրաժեշտությունը
Հոկտեմբեր 26 15:12 2020

Ռուս քաղաքագետ Դմիտրի Եվստաֆևը ճանաչված հեռուստալրագրող և մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդաշարի եթերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի ներգրավվածությանն այս հարցին:

«Ինչո՞ւ ինձ դուր չի գալիս Ղարաբաղյան հակամարտությունում և Ղարաբաղյան կարգավորման հարցում Թուրքիայի մասնակցության օրինականացման գաղափարը: Եթե մենք օրինականացնենք Թուրքիայի մասնակցությունը Ապշերոնում, ուղիղ կես տարի անց նրանք կլինեն Կազանում: Էրդողանը շարժվում է ամենաքիչ ընդդիմության ճանապարհով: Մենք պատրա՞ստ ենք Էրդողանի դեմ պայքարել ոչ թե Ղարաբաղում, այլ Կազան քաղաքի արվարձաններում: Իմ կարծիքով՝ դեռևս ոչ: Այստեղ պետք է դրան ուշադիր վերաբերվել: Պետք է հասկանալ, և նախագահն այդ մասին գրեթե ակնարկեց, որ Ռուսաստանի համար ներկայիս իրավիճակում այլևս գոյություն չունի զուտ ռազմական, զուտ քաղաքական, զուտ տնտեսական մարտահրավերներ, ճիշտ այնպես, ինչպես և գոյություն չունեն զուտ ներքին և արտաքին մարտահրավերներ: Մենք ապրում ենք զարգացող համակարգում և մեզ համար շատ վտանգավոր հիբրիդության մեջ, որտեղ մենք չենք կարող տարանջատել ներքին և արտաքին քաղաքականությունը: Եվ որքան առաջ ենք գնում, այնքան ավելի վատ»,- նշել է քաղաքագետը:

Քաղաքագետը նաև կարծիք է հայտնել, որ եթե ռուսական կողմը ցանկանում է մասնակցել Ղարաբաղյան հակամարտությանը, ապա նախ անհրաժեշտ է ապահովել ոչ թռիչքային գոտի ոչ թե Ղարաբաղում, այլ Վրաստանում:

«Այդ ժամանակ էլ պարզ կլինի՝ կարողանում ենք լուծել տարածաշրջանային հակամարտությունը, թե ոչ»,-եզրափակել է մասնագետը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։