Քաղաքացին COVID-19-ի թեստ է կեղծել զինծառայությունից խուսափելու համար. ԱԱԾ նոր բացահայտումը


Քաղաքացին COVID-19-ի թեստ է կեղծել զինծառայությունից խուսափելու համար. ԱԱԾ նոր բացահայտումը
Հոկտեմբեր 24 23:05 2020

Ազգային անվտանգության ծառայության նոր բացահայտումը: Րոպերներ առաջ ծառայությունից Լուրերին հայտնել են, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և լաբորանտին, տվյալ զինծառայողի անվամբ կազմել կորոնավիրուսի հիվանդության մասին կեղծ բովանդակությամբ փաստաթղթեր։

Ըստ ԱԱԾ-ի՝ հաղորդվել է նմուշառում կատարելու մասին, մինչդեռ, փաստացի տվյալ անձից որևէ նմուշ չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար փորձաքննության է ուղարկել փաստացի «covid-19» հիվանդություն ունեցող այլ անձի նմուշ։

Իրավապահ մարմինը նշում է՝ արդյունքում հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել կեղծ բովանդակությամբ եզրակացություն, որ իբր նրա մոտ հայտնաբերվել է «covid-19», ինչը զորահավաքային զինծառայողին հնարավորություն է տվել ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնել զինվորական ծառայության կատարումը:

Հարուցված է քրեական գործ, ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը, այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները: