Վերջին օրերին ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը լրջագույնս վատթարացել է: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը՝ նշելով, թե դեպքերը կտրուկ աճել են:
«Վերջին 14 օրվա ընթացքում մեզ մոտ դեպքերը կրկնապատկվել են: Միայն երեկ և այսօր գրանցվել են ռեկորդային՝ 1058 և 1371 դեպքեր: Իրավիճակը շարունակում է մնալ ծանր, և համաճարակային սրացումը գերազանցապես պայմանավորված է անվտանգության կանոնների չպահպանմամբ և բնակչության զգոնության թուլացմամբ»,-ասաց նա:
Սահակյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը շարունակում է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ, իսկ բոլոր գործատուներին և տնտեսվարողներին հորդորում է հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքի:
«Կորոնավիրուսի դեմ պայքարը չի սահմանափակվում միայն առողջապահական համակարգով, պետք է հիշել, որ ապրում ենք վիրուսի հետ կողք կողքի, և այն վտանգավոր է պատերազմի նման, քանի որ պայքարը անտեսանելի թշնամու դեմ է: Մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ մեր բանակի ամուր ճակատի և առողջ թիկունքի համար, եթե պահպանենք հակահամաճարակային կանոնները»,-ասաց նա՝ ընդգծելով, թե երկու ճակատում էլ հաղթելու ենք: