Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պատմությունը (լուսանկարներ, տեսանյութ)


Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պատմությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Հոկտեմբեր 8 21:01 2020

XVI-XIX դդ Արցախում կառուցված հուշարձաններից գմբեթավոր են ընդամենը ինը եկեղեցի, որոնցից հինգը Շուշիում են: Դրանցից մեկը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է: Այն կառուցելիս ղարաբաղցի շինարարները օգտագործել են հայկական ճարտարապետության հին ավանդույթները և վերադարձել գմբեթավոր կառույցների տիպին, որն ամենատարածվածն էր հայկական ճարտարապետության նախորդ շրջաններում՝ VI-VII և IX-XIV դարերում: Ղազանչեցոց եկեղեցին այն ինը կառույցներից մեկն է, որն ի ցույց է դրել հայ վարպետների ճարտարապետական գլուխգործոցներ ստեղծելու տաղանդը: 

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնը: Այն Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ: Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է: Կազմված է եկեղեցուց (1868—1887 թթ) և զանգակատնից (1858 թ): Ներկայում այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը:

Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ): Շահեն Մկրտչյանի կարծիքով, դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մեկ այլ եկեղեցի:

Եկեղեցին վերակառուցելու ընթացքում, տաճարի հատակը մաքրելիս, բացվել է մի կարևոր արձանագրություն, ինչը վկայում է, որ եկեղեցին կառուցել են հայ վարպետը և ճարտարապետը: Հենց այդ արձանագրության շնորհիվ էր, որ XIX դարի հայ շինարար վարպետների և ճարտարապետների ցուցակում ավելացավ ևս երկու պայծառ անուն:

Եկեղեցուց փոքր ինչ հեռու տեղադրված եռահարկ զանգակատան քարաշեն շղթան հայ քանդակագործական արվեստի գեղեցիկ նմուշ է: Իսկ զանգակատան արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է ներկայիս եկեղեցուց տասը տարի առաջ: Զանգակատունը կառուցել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցը: Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն, որն ասում է.

«Կառուցվել է զանգակատունը Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի հիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ Բալասնի և որդիների Արուպե և Ստեփանե և բոլոր Ղազանչիցիների հիշատակին: Փառք Աստծուն, և թող փրկվեն բոլոր կենդանի և մահացածների հոգիները: 1858 թվականի ամառ»: Կառուցման թվերը գրված են հարավային պատի վերևի հատվածում: 

Շուշիի ջարդերից հետո` 1920 թ-ին տաճարը դադարել է գործել: Ադրբեջանցիների իշխանության տակ անցնելուց հետո օգտագործվել է նախ որպես ամբար, իսկ հետագայում որպես ավտոտնակ: Այդ ժամանակշրջանում էլ կործանվել են տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները: Մինչև ազատագրումը գտնվել է կիասվեր վիճակում, իսկ գմբեթը փլված է եղել: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ է գտնվել ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը:

Ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել է և գործում է սկսած 1998 թվականից:

Բոլորն են տեսել է այն հայտնի կադրերը, երբ Շուշին ազատագրելուց հետո ազատամարտիկները՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ ինչպես են մտնում ավերված Ղազանչեցոց եկեղեցի: Եկեղեցին վերջանականապես նորոգվել է մայիսյան հաղթանակից հետո՝ 1994-1998 թվականներին, սակայն եկեղեցու վրա դեռևս կան ականների հետքերը, որոնք վկայում են ավերածությունների, ռմբակոծությունների ծանր ու դժվարին օրերի մասին:

Խոսել Ղազանչեցոց եկեղեցու մասին և չհիշատակել 2008 թ. հոկտեմբերի 16-ին բարերար Լևոն Հայրապետյանի նախաձառնությամբ տեղի ունեցած մեծ հարսանիքը, անհնար է: Հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպեց նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդ զույգերի մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվեց Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։