Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումներն այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում․ հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք․ Արծրուն Հովհաննիսյան


Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումներն այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում․ հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք․ Արծրուն Հովհաննիսյան
Հոկտեմբեր 5 17:45 2020

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ՀՀ քաղաքացիներին կոչ է անում չօգտագործել հակառակորդի քարոզչական նյութերը։

«Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք»,– գրել է նա։

Ավելի վաղ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ առաջնագծի որոշ ուղղություններում ՊԲ-ն մարտավարական նպատակով ետ է քաշել զորքերը, որպեսզի ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 15 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։