Ամբողջ սրտով ձեզ հետ եմ, իմ հայ ընկերներ. ջութակահար Բրուսիլովսկին սատարում է Հայաստանին


Ամբողջ սրտով ձեզ հետ եմ, իմ հայ ընկերներ. ջութակահար Բրուսիլովսկին սատարում է Հայաստանին
Հոկտեմբեր 4 16:13 2020

Հանրաճանաչ ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին սեր է խոստովանել Հայաստանին, հայ ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանի համար այս ծանր օրերին ամբողջ սրտով իր հայ ընկերների կողքին է:

Այս մասին երաժիշտը գրել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում:

 

«Հաճախ լինելով Հայաստանում՝ միշտ շրջապատված եմ եղել բազմաթիվ հայ ընկերներով: Սիրահարված լինելով այդ արևոտ երկրին, նրա հրաշալի, ջերմ ժողովրդին, հնագույն պատմությանը՝ ես միշտ աշխատել եմ հնարավորությունների սահմաններում իմ լուման ներդնել և աջակցել այդ հնագույն երկրի պատմության և մշակույթի ճանաչմանն ու տարածմանը»,-շեշտել է նա:

Այդ նպատակով Բրուսիլովսկին աշխարհին է ներկայացրել արվեստի հայ հրաշալի գործիչներին, ինչպես օրինակ՝ կոմպոզիտոր Գագիկ Հովունցին:

Ջութակահարն ընդգծել է, որ Հայաստանի հնագույն մշակույթի հիմնական խորհրդանիշներից է նուռը. միրգը և ոչ թե զենքը՝ նռնակը:

«Հայաստանի համար այս ծանր օրերին ես ամբողջ սրտով ձեզ հետ եմ, իմ սիրելի հայ ընկերներ»,- եզրափակել է ջութակահարը: