Աբրահամ Ավագյանը պատմության ուսուցիչ է, պատերազմի լուրը իմանալուն պես շտապել է զինվորագրվել, ասում է՝ եթե չգնայի, հետո չէի կարողանալու նայել աշակերտներիս աչքերի մեջ:
Աբրահամի և սահմանին կռվող մյուս տղերքի առավոտը սկսվում է Արծրուն Հովհաննիսյանի գրառումների փնտրտուքներով, ամեն պահի սպասումով՝ հը՞, տղերք ի՞նչ կա, սպանո՞ւմ ենք:
«Ընկերոջս հետ տունն էինք վերանորոգում, զորահավաքի մասին լսեցինք ու որոշեցինք, որ պետք է նախօրոք գնանք՝ չսպասենք ծանուցման: Ընկերոջս ասում եմ՝ դպրոցն իրար հետ, բանակ իրար հետ, ռեմոնտ իրար հետ, թուրքի դեմ՝ ջոկ-ջոկ ենք: Ինձ համար հայրենիքը գաղափար է, որը գոյությունդ իմաստալից է դարձնում: Այդ պահին ոչնչի մասին չես կարող մտածել, մտածում ես, որ կա վերանձնական արժեք՝ հայրենիքը, և հայրենասիրությունն այն է, որ քո գործողությունից թշնամու զինվորը զոհվի հանուն իր հայրենիքի:
Երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ կփոխեիր քո կյանքում, կփոխեի այն, որ համալսարանն ավարտելուց հետո գնայի բանակ, որ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցեի: Ես զգում եմ, որ դա իմ կյանքում միշտ պակաս տեղ է եղել: Հիմա, երբ երկիրս վտանգի մեջ է, ես հասկացա, որ այս պահին ես պետք է սահմանին լինեմ: Զինվորական համազգեստս պահարանում կախված էր, ես գիտեի, որ մի օր ղսմաթով ֆորմաս ինձ պետք է գալու, մի տեսակ վառոդի հոտին կարոտել էի»,- ասում է կամավորը:
Աբրահամն ասում է, որ ընտանիքում որոշումը դժվարությամբ են ընդունել, խոսել է մոր հետ, բացատրել, բայց սիրելիին սկզբում ոչինչ չի ասել.
«Անիին առաջին օրը, երկրորդ օրը ոչինչ չեմ ասել, հասկացավ, որ տեղում չեմ, ու այստեղից-այնտեղից էր իմացել, որ մեկնել եմ սահման: Սկզբում ծանր էր տանում, հետո հասկացավ, որ որոշումս ճիշտ է, և ես այս պահին պետք է լինեմ այնտեղ, որտեղ իմ ընկերները, հայրենակիցները կյանքի ու մահվան համար են կռվում, մենք հիմա ազգովի ենք զինվոր դարձել»,- պատմում է նա:
Կամավորի խոսքերով՝ տղաների տրամադրվածությունը մարտական է, մարտական ոգին ու ինքնավստահությունը իրար հետ մրցավազքի մեջ են.
«Ամենադժվարը՝ երևի անորոշությունն է: Չգիտես՝ պատերազմը ինչքան է շարունակվելու: Ամեն 18 տարեկանի զոհվելը ցավ է, մտքով զոհված տղեքի հետ ենք, բոլոր դիրքերի մասին ենք մտածում միաժամանակ, բայց կա դրայվ: Սերունդը գնալով ավելի համարձակ ու կռվող է դառնում, ու անգամ իմ ծառայության տարիների ժամկետայինների հետ համեմատ այսօրվա ժամկետայինները մի քանի անգամ հզոր են։ Նրանք պրոֆեսիոնալ վարձկաններին են վերացնում ու ապացուցում, որ մեր տղեքի արյունն ուրիշ է:
Այսօրվա զինվորը ավելի խիզախ է, և այսօր փոխվել են զինվոր-սպա հարաբերությունները՝ ավելի անմիջական և ընկերական են դարձել:
Անկախ ամեն ինչից՝ մարտի դաշտում հայ զինվորը անպարտելի է, և այս պահին միայն խաղաղության կարիք ունի: Մարտի դաշտում մեզ ոգևորում է փառքի և հաղթանակի հեռանկարը, իսկ հաղթանակը Արցախի միացումն ու ՀՀ մարզ ճանաչելն է:
Հաղթանակին հասնելու համար թանկ ենք վճարում, մենք վճարում ենք միայն մեր զինվորների կյանքով»:
Նյութի աղբյուր՝ galatv.am










