Նյույորքաբնակ հանրահայտ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը նոր գրառում է կատարել՝ իր հետևորդների և ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրելով Արցախում շարունակվող գոյապայքարին:
«Մենք արթնացանք պատերազմից: Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունից հետո այսօր ողջ հայությունը կրկին վտանգի մեջ է ապրում: 100 միլիոն թուրք-ադրբեջանական ուժերը հարձակվում են 3 մլն հայերի վրա: Մեզ համար սա գոյապայքարի առաքելություն է, նրանց նախագահների համար դա գրավելու հողատարածք է»,- գրել է արվեստագետն ու կից տեսանյութ հրապարակել:
Տեսանյութում ներկայացվում է, որ մինչ ողջ աշխարհում բոլորն առավոտյան արթնանում և գնում են իրենց աշխատանքին, հայ ժողովուրդը ստիպված է միայնակ պայքարել ողջ մնալու համար: Տեսանյութում հայ աղջիկը պատմում է, թե ինչպես է «աշխարհը միավորվել Ավստրալիայում հրդեհների, հանուն սևամորթների շարժման ժամանակ, իսկ ինչո՞ւ չի միավորվում հանուն մարդկային կյանքերի»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 18 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 5 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2300 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։










