«Դա կսրի հակամարտությունը». Պետդեպի նախկին ներկայացուցիչը՝ Թուրքիայի՝ ԼՂ հակամարտությանը ներգրավվածության մասին


«Դա կսրի հակամարտությունը». Պետդեպի նախկին ներկայացուցիչը՝ Թուրքիայի՝ ԼՂ հակամարտությանը ներգրավվածության մասին
Հոկտեմբեր 2 13:52 2020

Եվրասիայում հակամարտությունների կարգավորման հարցով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն հայտարարել է, որ Թուրքիան, ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանին աջակցելով, մեծացնում է կողմերի միջև առճակատումը խորացնելու վտանգը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Անհանգստացած եմ, որ Թուրքիայի դիրքորոշումն այս պահին ծայրաստիճան ապակառուցողական է: Կարող եմ ասել, որ նախկինում՝ Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատելիս այս գործընթացում Թուրքիայի զգալի աջակցությունն էինք նկատում: Թուրքիան որոշակի, ոչ միշտ հրապարակային քայլեր է ձեռնարկել այս խնդրին լուծում գտնելու համար»,- նշել է Քավանոն և հավելել, որ Թուրքիայի ներկայի դիրքորոշումը հարցի լուծումն առավել հասանելի չի դարձնում: 

«Վախենամ, որ սա սրի հակամարտությունը, քանի որ այն Ադրբեջանին վստահություն կտա, որ նա մարտի դաշտում ավելին կստանա, քան բանակցությունների արդյունքում. իսկ ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- պարզաբանել է փորձագետը: 

Խոսելով այն մասին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում է, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Քավանոն բացառել է տարածաշրջանում երրորդ երկրների ուղղակի բախման հավանականությունը: Սակայն ըստ նրա՝ անհրաժեշտ է զգուշանալ սխալ հաշվարկներից, քանի որ դրանք անկանխատեսելի հետևանքների կարող են հանգեցնել:

«Սիրիայում արդեն ականտես ենք եղել թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման դեպքի: Այո՛, ամեն բան կարող է տեղի ունենալ, կարող են լինել ոչ ճիշտ հաշվարկներ ու սխալներ, որոնց հետևանքները բացահայտ կերպով կարող են անսպասելի լինել»,- նշել է նա: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 5 ինքնաթիռ (3-ը Սու–25), 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։