Մենք երբեք չենք թիրախավորելու Ադրբեջանի բնակավայրերը. սա մեզ համար սկզբունքային հարց է. Արցախի նախագահի խոսնակ


Մենք երբեք չենք թիրախավորելու Ադրբեջանի բնակավայրերը. սա մեզ համար սկզբունքային հարց է. Արցախի նախագահի խոսնակ
Սեպտեմբեր 30 10:43 2020

Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավարել քաղաքացիական բնակավայրերը. Այս գիշերը Ստեփանակերտի երկնքում հայտնվել են կամիկաձեներ՝ հարվածային ԱԹՍ-ներ, որոնցից երկուսը մեր ուժերը խոցել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Այս պահին ենթակառուցվածքների առումով էական խնդիրներ չկան: Խնդիրները ծագում են այն հատվածներում, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծության տակ: Այդ դեպքում գործի են դրվում բոլոր միջոցառումները այդ խնդիրները արագ լուծելու համար:

Մենք որեւէ մեծ տարբերություն չենք տեսել սահմանամերձ բնակավայրերի, այսօր արդեն Ստեփանակերտի վրա ռմբակոծության միջեւ: Բոլոր դեպքերում թիրախավորվում են քաղաքացիական անձինք: Սա միջազգային հանցագործության դրսեւորումներ են: Առաջին հերթին մեր գործընկերների միջոցով ուզում ենք մեր խոսքն ուղղել միջազգային  հանրությանը որ ավելի ակտիվ լինեն եւ թույլ չտան՝ միջազգային հանցագործությունները շարունակվեն: Բայց հստակ կարող եմ ասել, որ մենք ի վիճակի ենք պաշտպանել մեր հայրենիքը, Ադրբեջանը Արցախի ՊԲ-ի կողմից ստանալու է հուժկու հարված: Մենք երբեք չենք թիրախավորելու նրանց քաղաքացիական բնակավայրերը: Սա մեզ համար սկզբունքային հարց է»,-ասաց նա:

Արցախի նախագահի խոսնակը եւս մի կրեւոր դիրտարկում արեց. «Բացի այն, որ Ադրբեջանը հրետակոծում է հայկական բնակավայրերը, նաեւ միջազգային իրավունք տեսակետից շատ կարեւոր, դատապարտելի տարր է իրականացնում, այն է, որ հենց իր խաղաղ բնակավայրերում տեղադրում է այն ռազմական  օբյեկտները, որոնցից թիրախավորում են մեր բնակավայրերը: Այդ մասին մենք մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք: Դա եղել է նաեւ քառօրյա պատերազմի ժամանակ: Դրանով նա թիրախ  դարձնում նաեւ իր բնակավայրերը»: