«Արցախում պատերազմ է սկսվել, իսկ կառավարությունները կույր են ձևանում». Արա Մալիկյան


«Արցախում պատերազմ է սկսվել, իսկ կառավարությունները կույր են ձևանում». Արա Մալիկյան
Սեպտեմբեր 29 23:36 2020

Իսպանիայում բնակվող լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանն աշխարհի կառավարությունների և լրատվամիջոցների ուշադրությունն է հրավիրել Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողություններին՝ նշելով, որ դրանք ամենադաժանն են:

«Արցախում ներխուժում է տեղի ունեցել, պատերազմ է սկսվել, որն, ասես, ոչ ոքի չի հետաքրքրում: Սա «կոմերցիոն» պատերազմ չէ, լրատվամիջոցներն ուշադրություն չեն դարձնում, կառավարությունները կույր են ձևանում, սակայն, ինչպես միշտ ամենից շատ տուժում են երեխաները, ծերերը, կանայք և տղամարդիկ: Այս պատերազմներն ամենադաժանն են և շատ անգամներ ավարտվում են ցեղասպանությամբ և քաղաքացիների սպանությամբ»,- գրել է երաժիշտը՝ հավելելով, որ պատմությունից դասեր չենք քաղում:

«Եթե միմյանց նայենք սիրով, կհասկանանք, որ բոլորս միանման ենք, և որ ընդամենը մի քանի անհեթեթ տարբերություններ կան, և որ բոլորս արժանի ենք ապրելու, փնտրում ենք մեր խաղաղությունն ու խաղաղություն ենք ցանկանում ողջ աշխարհի համար»,- հավելել է Մալիկյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այսօր արդեն հրետակոծվել է ՀՀ տարածքը։ Վարդենիս քաղաքի մոտակայքում ադրբեջանական ԱԹՍ-ից կրակ էր բացվել քաղաքացիական ավտոբուսի ուղղությամբ։

Այս ուղղությամբ օգտագործված թուրքական F-16 կործանիչի հարվածից ՀՀ տարածքում խոցվել է հայկական օդուժին պատկանող ՍՈւ-25 ինքնաթիռը, որի օդաչուն, ցավոք, զոհվել է