Ռազմական գործողությունների մեկնարկը զգալի վնաս է հասցրել թե՛ բնակչությանը, թե՛ տնտեսությանը, սակայն սննդի դեֆիցիտ չունենք. Արցախի պետնախարար (տեսանյութ)


Ռազմական գործողությունների մեկնարկը զգալի վնաս է հասցրել թե՛ բնակչությանը, թե՛ տնտեսությանը, սակայն սննդի դեֆիցիտ չունենք. Արցախի պետնախարար (տեսանյութ)
Սեպտեմբեր 29 23:05 2020

Ռազմական  գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Արցախի նախագահի կարգադրությամբ և իմ գլխավորությամբ կազմավորվել է օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել են գյուղատնտնեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, տարածքային կառավաման և զարգացման նախարարները, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենը: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում կազմակերպված ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո քաղաքացիական պաշտանության համակարգը բերվել է բարձր, ապա՝ լրիվ աշխատանքային ռեժիմի, սկսվել են քաղաքացիական պաշտպանության պլանով լրիվ աշխատանքների իրականացումը:

«Բոլոր այն բնակավայրերում, որոնցում խաղաղ բնակչությունը ենթարկվել է հրետակոծության կամ հարձակումների, իրականացվել է բնակչության պատսպարում, ապա նաև տարհանում. Պատսպարված և տարհանված բնակչությունը գտնվում է կառավարության և աշխատանքային օպերատիվ խմբի ուշադրոթյան կենտրոնում, բոլոր խնդիրներն ըստ դրանց առաջացման հերթականության լուծվում են, տարհանված մարդիկ պետության հաշվին ապահովվում են անհրաժեշտ պարագաներով և սննդամթերքով, իրականացնում են նյութական այլ աջակցություն»,- տեղեկացրեց նա:

Նա նշեց, որ տարհանված բնակչությունը տեղավորվել է Արցախի Հանրապետության այլ բնակավայրերում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը: Նա տեղեկացրեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացում է պարենային ապրանքների փաթեթավորում, դրանցով ապահովվում են այն բոլոր հայրենակիցիները, որոնք տարհանման ընթացքում նման խնդիրների առաջ են կանգնում:

«Այս պահի դրությամբ այդ փաթեթները կազմակերպված են 1500 բնակչի հաշվով, բայց աշխատանքները շարունակվում են: Եթե խոսենք ամբողջ Հանրապետության տարածքում պարենային ապահովության մակարդակից, պետք է նշեմ՝ մենք ապահովված ենք բոլոր անհրաժեշտ ապրանքներով, որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք այս պահին. երեք-չորս ամսվա մթերք կա: Ամեն դեպքում ռազմական գործողությունների մեկնարկը բավականին վնասներ է հասցրել  և՛ քաղաքացիական բնակչութանը, և՛ ընդհանւոր տնտեսությանը: Այս պահի դրությամբ իրականացնում ենք վնասների գնահատում, հիմնականում քաղաքացիական օբյեկտների. դա վերաբերում է բնակավայրերին, բնակելի տներին, այլ գույքի, ինչպես նաև ենթակառուցվածքային տարբեր օբյեկտների, գծերի, գազատարների և այլն»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթե լինի սննդի պակաս, անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել Հանրապետության պետական պահուստը, որը ձևավորված է կառավարության կողմից և որը պարունակում է հիմնական պարենային և ոչ պարենային ապրանքների այն կազմը, որը ըստ հաստատված մեթոդաբանության՝ արդեն մշտական հիմունքներով պահպանվում է պետական պահեստի շրջանակներում:

Ըստ Արցախի պետնախարարի՝ բոլոր վնասների գույքագրումից բացի, անմիջապես անցել են վնասների վերականգնման աշխատանքներին և առաջին հերթին ենթակառուցվածքներին: «Մենք արդեն իսկ հիմնականում վերականգնել ենք էլէկտրամատակարարումը ամբողջ Հանրապետության տարածքով, գազամատակարարման խնդիրների լուծումն ընթացքի մեջ է և աստիճանաբար այդ վթարները նույնպես վերականգնվում են: Առավել մեծ վնաս հասցվել է կապի ոլորտին։ Բացի բուն ռազմական գործողություններից, առանձին հարձակում է եղել կապի ոլորտի վրա և բավականին վնաս է հասցվել, բայց մեր և հրավիրված մասնագետների ջանքերով կապի ոլորտը վերականգնվում է: Արդեն իսկ բջջային կապը հիմնականում աշխատում է, ինտերնետի հասանելիությունը ևս վերկանգնվում է։  Հեռուստատեսությունը հասանելի է Հանրապետության ամբողջ տարածքում, հանրային ռադիոն նույնպես և մեր ամբողջ բնակչությունը տեղեկանում է իրադրությանը»,- ընդգծեց նա:

Արցախի պետնախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր թե՛ իրերի տեսքով, թե՛ֆինանսական աջակցություն են ցույց տալիս Արցախի Հանրապետությանը: «Ուզում եմ նշել մի կարևոր հանգամանք․ ուղղակի խնդրանքով դիմում եմ բոլոր հայրենակիցներին՝ աջակցությունը ցուցաբերել բացառապես ստեղծված օպերատիվ խմբի հետ համաձայնեցված կազմով և միջոցով: Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, այն կարող են մեր հայրենակցիները փոխանցել Արցախի Ֆինանսների նախարարության հայտնած հաշվեհամարին և Համահայկական հիմնադրամի հաշվեհամարներին»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: