Տվե՛ք հրամաններ՝ գնալ առաջ, մենք պետք է այս պատերազմով այս հարցը լուծենք վերջնականապես. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)


Տվե՛ք հրամաններ՝ գնալ առաջ, մենք պետք է այս պատերազմով այս հարցը լուծենք վերջնականապես. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Սեպտեմբեր 27 19:28 2020

Այո, բոլորս պատրաստ ենք զոհվել, բայց կարծում եմ, որ հիմա ժամանակն է զոհելու, մենք պետք է զոհենք մեր վրա հարձակվողներին, մենք պետք է ապրենք և պետք է լուծենք այս հարցը և չթողնենք մեր երեխաներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով նաև վարչապետի կոչին, որ ինքը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի:


«Մենք պետք է այս պատերազմով այս հարցը լուծենք վերջնականապես: Ես կարծում եմ՝ մենք ինչ ունեինք կորցնելու, կորցրել ենք, մենք տարիներ շարունակ ասել ենք՝ եկեք փխրուն խաղաղությունը պահպանենք, քանի դեռ բանակցում ենք, հիմա մենք ապրում ենք ուժեղների աշխարհում»,-ասաց նա և նշեց, որ հիմա աշխարհը նայում է, թե որքան կկարողանա հաջողություն գրանցել, որից հետո կգա կարձանագրի:

«Ես չեմ ուզում այս պատերազմի համատեքստում ապագայում ունենանք խոսակցություններ, որ կարող էինք այսինչ բանը անել, սպասում էինք հրամանի: Այսօր ժամը 4-ից սկսած, երբ ռազմական դրությունն ուժի մեջ է մտել, Դուք նաև ստանձնել եք գլխավոր գերագույն հրամանատարի առաքելություն, հետևաբար՝ տվեք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ՝ գնալ առաջ և բոլորով գնանք առաջ, որովհետև եթե մենք այս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արյունաքամ լինել, իսկ մենք արյունաքամ ենք լինում արդեն շուրջ 25-ից ավելի տարի՝ ամենօրյա ռեժիմով, ավելի լավ է մեկ անգամ արյունաքամ լինենք, բայց վերջնական այս խնդիր լուծենք»,- ասաց նա՝ դիմելով ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանին:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ առավոտյան ժամը 8-ից արթնացել և ամբողջ աշխարհին նամակներ ենք գրել,  ինչպես հունիսյան դեպքերին, Ապրիլյան պատերազմին ենք գրել, բայց աշխարհը փոխվել է, և այսօր մարդու իրավունքների հին աշխարհը չի և մենք մեր իրավունքները պետք է պաշտպանենք:

«Այո, մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք, և այսօր նույն ցեղասպանություն իրականացնողներն ուզում են էլի ցեղասպանություն իրականացնեն հարյուր տարի անց, մենք մեզ պաշտպանում ենք ցեղասպանությունից: Կա՛մ բոլորով կանգնում և կանգնացնում ենք ցեղասպանությունը, կա՛մ շարունակում ենք արյունաքամ լինել: Թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական թիկունքը իր գործը անում է, ամուր է, մենք բոլորս միասնական ենք, քան երբևէ, բայց ուզում եմ ապագայում չունենանք խոսակցություն, որ այս բանը չկար, այս բանը էն չէր»,- ասաց նա նշեց, որ ինչ ունենք, պետք է տեղափոխենք առաջնագիծ։

Էդմոն Մարուքյանը կոչ արեց ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ իր հետևանքներով,  քանի դեռ հնարավորությունը բացվել է: «Հայ ժողովուրդը հետ գնալու տեղ չունի»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժն Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։  Ադրբեջանական կողմը նույնպես ունի մարդկային կորուստներ։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, ռազմական գործողությունները շարունակվում են։



loading...