«Կարող եմ ինքնուրույն պատրաստել բրինձ, սպագետի, բայց թիմակիցներիս չեմ հրավիրում ընթրելու». անկեղծանում է Մխիթարյանը (տեսանյութ)


«Կարող եմ ինքնուրույն պատրաստել բրինձ, սպագետի, բայց թիմակիցներիս չեմ հրավիրում ընթրելու». անկեղծանում է Մխիթարյանը (տեսանյութ)
Մայիս 13 19:13 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդն ու Անդրե Էրերան խոսել են ամեն ինչի մասին, բացի ֆուտբոլից՝ անգլիական «Everything, but football» համանուն հաղորդաշարի ընթացքում:

Կան մի շարք հետաքրքիր հարցեր, որոնց պատասխանները երկրպագուները ցանկանում են իմանալ: Օրինակ, նրանց հետաքրքրում է, թե ովքե՞ր են թիմի ամենաուրախ ֆուտբոլիստները, ո՞ւմ ոճն է լավագույնը, ֆուտբոլիստներից ո՞ւմ հետ կցանկանային հանգստանալ այս կիսապաշտպանները, և այլն:

Առաջին հարցը, որ տվել էր հաղորդավարը կիսապաշտպաններին, այն էր, թե քանի լեզվով են խոսում նրանք՝ ցանկանալով ճշտել՝ ճի՞շտ է, որ Մխիթարյանը խոսում է 6 լեզուներով: Հենրիխը նշել է, որ խոսում է ոչ թե 6, այլ 5 ու կես լեզուներով՝ նշելով, որ իր գերմաներենը մի փոքր կաղում է:

Անդրե Էրերան համեստորեն նշել է, որ խոսում է իսպաներեն և քիչ անգլերեն, իսկ Ջեսի Լինգարդը, ցանկանալով անցնել Հենրիխին, կատակել է՝ ասելով, խոսում է 8-9 լեզուներով, սակայն դրանք գոյություն չունեցող լեզուներ են:

Ըստ Լինգարդի՝ թիմում ամենակատակասեր ֆուտբոլիստը Մխիթարյանն է: Մխիթարյանը համեստություն չի արել, և որպես ամենաուրախ ֆուտբոլիստ՝ նշել է ինքն իրեն: Սակայն երկրպագուների աչքերով՝ ամենաուրախ ֆուտբոլիստը Ջեսի Լինգարդն է:

Երկրպագուներին հետաքրքրել է նաև, թե արդյոք երիտասարդ ֆւտբոլիստները կարողանո՞ւմ են ինքնուրույն ուտելիք պատրաստել: Մխիթարյանը, ի տարբերություն իր խաղընկերների, նշել է, որ ինքնուրույն պատրաստում է, սակայն պատրաստում է միայն իր համար և հազվադեպ է հյուրասիրում իր պատրաստած սնունդը:

«Կարող եմ ինքնուրույն պատրաստել բրինձ, սպագետի, բայց թիմակիցներիս չեմ հրավիրում ընթրելու»,- նշել է Հենրիխը:

Սիրարփի Աղաբաբյան