Պաշտպանի աշխատակազմն արձագանքել է գողացված փաստաթղթերի մասին «Ելք» դաշինքի ահազանգին (տեսանյութ)


Պաշտպանի աշխատակազմն արձագանքել է գողացված փաստաթղթերի մասին «Ելք» դաշինքի ահազանգին (տեսանյութ)
Մայիս 13 11:19 2017

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձագանքել է գողացված փաստաթղթերի մասին «Ելք» դաշինքի ահազանգին:

Այս առնչությամբ, ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գիծն ահազանգ է ստացել «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանից այն մասին, որ Կուրղինյան փողոցում գործող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի տարածքում լարված իրավիճակ է, հրմշտոց է սկսվել ոստիկանների եւ դաշինքի անդամների միջեւ՝ նախընտրական շտաբից գողացված փաստաթղթերի պատճառով:

Հաջորդիվ թեժ գծին ահազանգել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը եւ տեղեկացրել, որ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը, որպես ընթերակա, մասնակցում է դեպքի վայրի զննությանը, իսկ Նիկոլ Փաշինյանի եւ ոստիկանության միջեւ համաձայնություն է ձեռք բերվել փաստաթղթերը գործի նյութերին կցելու վերաբերյալ:

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցները եղել են դեպքի վայրում, պարզաբանումներ ստացել ոստիկանության իրավասու ներկայացուցչից: Այցի պահին «Ելք» դաշինքի՝ թեժ գծին ահազանգած ներկայացուցիչները տարածքում չեն եղել»:

Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է նշված հարցի քննարկման ընթացակարգ: