Մոսկվայում հայերի հետ բախումների մասնակից ադրբեջանցիները նախաքննության ընթացքում ազատ են արձակվել


Մոսկվայում հայերի հետ բախումների մասնակից ադրբեջանցիները նախաքննության ընթացքում ազատ են արձակվել
Սեպտեմբեր 17 20:42 2020

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցիների խումբը հայերի հետ հուլիսին տեղի ունեցած բախումներից հետո ազատ է արձակվել: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին հայտնել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունից:

«Ադրբեջանի քաղաքացիները, որոնք իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էին Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, գտնվում են դեսպանության ուշադրության կենտրոնում»,- հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 15-ին ադրբեջանական հյուպատոսության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Մոսկվայում կալանքի տակ գտնվող ադրբեջանցի Էլչին Մամեդովի հետ, իսկ սեպտեմբերի 16-ին՝ քննչական մեկուսարանում գտնվող ադրբեջանցիներ Էլվին Ալեկբերովի և ՌԴ քաղաքացի Ջեյհուն Գիյասովի, Թալեհ Իսմայիլովի և Ալեկբեր Գաֆարովի հետ:

Նշվում է, որ նախաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 24-ը, ինչի հետ կապված սեպտեմբերի 16-ին դատարան միջնորդություն է ներկայացվել կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցը երկարաձգելու մասին, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է: Ամբաստանյալներն ազատ են արձակվել դատարանի դահլիճից:

Մոսկվայում հուլիսին ավելի քան 30 մարդու էին ձերբակալել, որոնք մասնակցել էին հայերի դեմ իրականացված հարձակումներին և անկարգություններին: Մի քանի քրեական գործեր էին հարուցվել, այդ թվում՝ խուլիգանության և կողոպուտի կամ սպանության նպատակով հարձակման մասին: Բոլորին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում: