ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամների մեծ մասի հետ ունեմ լավ եւ շատ լավ հարաբերություններ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ իր հարաբերությունները լարված են այդ հանձնաժողովի անդամների, մասնավորապես հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ:
« Հանձնաժողովի հետ քննարկումների եւ ոլորտի բարեփոխումներում տարաձայնությունների վերաբերյալ խոսել եմ թե ես, թե պարոն Հայրապետյանը: Բայց կարծում եմ, որ հատկապես վերջին ամիսներին դրանց թիվը շատ քիչ է: Մենք ունենք նորմալ աշխատանքային մթնոլորտ»,-ասաց նա:
Նախարարը պնդեց, որ թիմի ներսում տարբեր քննարկումների ժամանակ իր հրաժարականի հարցը չի բարձրացվել: Արայիկ Հարությունյանը հրաժարվեց անդրադառնալ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի եւ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ կապված խնդրին՝ նշելով, որ դրա համար հիմքեր չկան: