Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը իր որդուն՝ Ավետիք Իշխանյանին, չէին հրավիրել


Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը իր որդուն՝ Ավետիք Իշխանյանին, չէին հրավիրել
Սեպտեմբեր 15 18:20 2020

Երեւանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իշխանյանի որդին՝ Ավետիք Իշխանյանը, չէր հրավիրվել։

NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը չցանկացավ մեկնաբանել, միայն նշեց. «Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ բացման արարողությունը դպրոցի տնօրինությունը չէր կազմակերպել։ Ավել բան չունեմ ասելու։ Կա՛մ Կառավարությունն էր կազմակերպել, կա՛մ քաղաքապետարանը»։

Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել դպրոցի բացման արարողության վերաբերյալ։

Նա, մասնավորապես, գրել էր.

«Վարչապետը, «նազիր-վեզիրներով», այցելել է Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոց եւ մասնակցել դպրոցի հիմնանորոգված շենքի բացմանը։

Չգիտեմ՝ ականավոր բանասեր ու հանրային գործիչ Ռաֆայել Իշխանյանի հարազատները հրավիրված էին միջոցառմանը, թե ոչ, բայց թերեւս որեւէ մեկը ներկա չէր։ Վարչապետն էլ կարծեք թե իր խոսքում չանդրադարձավ Ռաֆայել Իշխանյանին։

Մինչդեռ ես շատ լավ եմ հիշում այդ ականավոր մարդուն, այդ բարի պապիկին, երբ Շարժման սկզբնավորման տարիներին՝ 1989-1990 թվականներին, նա՛ էր այցելում մեր դպրոց, զրուցում մեզ հետ ու ոգեւորում, իր որդու՝ Ավետիք Իշխանյանի հետ ցածր դասարանցիներիս կարգում «Մաշտոցական» («Հոկտեմբերիկի» փոխարեն)։

Այդ օրերից ես վառ հուշեր եմ պահպանել։ Իսկ ի՞նչ կհիշեն 30 տարի անց Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի սաները իրենց պետության «իշխանների» այցելությունից։ Միգուցե «յաշիկի» անհաջող օրինակը։ Միգուցե դա էլ չեն հիշի։

Նկարում՝ Ռաֆայել Իշխանյանը մեր դպրոցում՝ Երեւանի թիվ 20 դպրոցում։ Առաջին պլանում մեր դասղեկն է՝ ընկեր Սեդրակյանը։

ՀԳ. «Փիառ, փիառ մինչեւ վե՛րջ»։

 

 




loading...