Նիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-Սարգսյան


Նիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-Սարգսյան
Հոկտեմբեր 19 15:41 2026

Երբ Փաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, նա պետք է հասկանա՝ սա հերթական քաղաքական հակառակորդը չէ, որին կարելի է վարկաբեկել, ճնշել ու լռեցնել, սա հայ ժողովրդի հոգևոր հենասյունն է, որի դեմ իշխանության արշավը վերածվում է սեփական ժողովրդի պատմության ու ազգային ինքնության դեմ պայքարի, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը։

«Լավ, իսկ ի՞նչ է ուզում ապացուցել նա, որ վարչապետի իշխանությունն ավելի բա՞րձր է, քան հայ ժողովրդի դարավոր հավատքը, որ իր քաղաքական կամքից վեր ոչինչ չպե՞տք է լինի, սա ի՞նչ է, մանկամտությու՞ն, թե՞ մանկության չհաղթահարված բարդույթ...

Հիշի´ր ու արձանագրի´ր, Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականները՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն, իսկ հայ ժողովրդի հավատքը՝ քո անձնական հաշիվները պարզելու միջոց չէ,,,

Դու կարող ես ճնշում գործադրել, բայց չես կարող հրամանով ջնջել ժողովրդի պատմական հիշողությունը, կարող ես զբաղեցնել վարչապետի աթոռը, բայց չես կարող քեզ վեր դասել Հայոց Եկեղեցուց ու ազգային արժանապատվությունից..

Ինձ համար այս իշխանության գործելակերպի ամենացնցող կողմը հակադրություն ստեղծելն է ամենուր և ամեն ինչում`ընդդիմախոսը թշնամի է, քննադատը՝ վտանգ, իսկ քրեական գործերը, որոնց շուրջ բարձրաձայնվում են քաղաքական հետապնդման և շինծու մեղադրանքների կասկածներ, դառնում են հասարակության վստահությունը քանդուքարափ անող գործոն,,,

Իսկ երբ խոսքը հայ կնոջ ու երեխաների վրա կրակելու մեջ մեղադրվող սահմանը հատած ադրբեջանցու մասին է, իշխանությունը պարտավոր է բացատրել իր յուրաքանչյուր քայլը և ապացուցել, որ առաջնահերթությունը Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն է, ոչ թե այնպիսի վարքը, որը հասարակության կողմից ընկալվում է որպես ադրբեջանցու շահերի պաշտպանություն...

Փաստորեն ստացվում է այսպես` հայ ընդդիմախոսին՝ թշնամու պիտակ, Եկեղեցուն՝ քաղաքական ճնշման թիրախ, սեփական քաղաքացիների անվտանգության հարցերին՝ երկիմաստ ու մշուշոտ պատասխաններ...

Սա՞ է Փաշինյանի պատկերացրած պետությունը....

Երբ իշխանությունը սեփական ժողովրդի հոգևոր կենտրոնի հետ հակամարտում է, քաղաքական մրցակցությունը վերածում թշնամանքի, իսկ ազգային ցավի ու անվտանգության հարցերը խճճում կեղտոտ քարոզչական պայքարի մեջ, այլևս հնարավոր չէ ամեն ինչ բացատրել քաղաքական տարաձայնություններով։

Խնդիրը իշխանության վերաբերմունքն է այն ամենին, ինչը չի ենթարկվում իրեն՝ Եկեղեցուն, ընդդիմությանը, ազատ խոսքին և հասարակական դիմադրությանը,,,

Փաշինյանը պետք է դադարեցնի Հայաստանը բաժանել հնազանդների ու թշնամիների...

Հայոց Եկեղեցին նրա քաղաքական սեփականությունը չէ, դատարանը՝ ընդդիմախոսների դեմ զենք, իսկ հայ ժողովուրդը՝ մի զանգված, որին կարելի է նվաստացնել, պառակտել ու հետո պահանջել անվերապահ հավատարմություն,այդպես չի´ լինում։

Հիշե´ք, պատմության առաջ ամենավտանգավոր իշխանությունը նա չէ, որը սխալվում է, այլ նա, որը սեփական սխալների համար մեղավորներ է փնտրում ամենուր՝ բացի իրենից»,- ասվում է հայտարարությունում։