Հետազոտության արդյունքում Նավալնիի օրգանիզմում ալկոհոլ և կոֆեին են հայտնաբերել


Հետազոտության արդյունքում Նավալնիի օրգանիզմում ալկոհոլ և կոֆեին են հայտնաբերել
Օգոստոս 22 20:24 2020

ՌԴ Օմսկ քաղաքի հիվանդանոցի բժիշկները պատրաստ են օգնություն տրամադրել բեռլինյան Charite հիվանդանոցի մասնագետներին, ուր բուժման նպատակով տեղափոխվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

«Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի բժիշկները, որոնք բուժում էին Նավալնիին, պատրաստ են ցանկացած փոխգործակցություն ծավալել ինչպես նրա հարազատների, այնպես էլ արտասահմանյան հիվանդանոցի մասնագետների հետ և ցանկացած տեղեկություն կամ օգնություն տրամադրել»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Օմսկի մարզային առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկու հայտարարության մեջ ասվում է, որ իրենք ունեն կենսաբանական փորձանմուշների հետազոտությունների պատասխանները և բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկությունը: Նավալնիին ուղեկցողներին փոխանցվել է նրա հետազոտությունների մանրամասն նկարագրությունն ու արդյունքները, որոնց համաձայն՝ բլոգերի «մեզի մեջ ալկոհոլ և կոֆեին է հայտնաբերվել»:

Հիշեցնենք, որ նրան շաբաթ ավելի վաղ տեղափոխել են բեռլինյան հիվանդանոց, որտեղ նրան հետազոտում են:

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ քաղաքից Մոսկվա ուղևորվելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում:

Նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ վերջինիս թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:  

Յարմիշի խոսքով՝ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում չվերթից առաջ թեյ էր խմել: