Փորձել են պայթեցնել Վրաստանի հայ պատգամավորի մեքենան․ Հենզել Մկոյանը վստահ է՝ թիրախն ինքն էր


Փորձել են պայթեցնել Վրաստանի հայ պատգամավորի մեքենան․ Հենզել Մկոյանը վստահ է՝ թիրախն ինքն էր
Օգոստոս 22 20:02 2020

Օգոստոսի 21-ին Ախալքալաքում, Սամցխե-Ջավախեթիի համալսարանի մոտակայքում, ճանապարհին փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի Mersedes մակնիշի ավտոմեքենան, վկայակոչելով Jnews.ge-ն՝ գրում է tert.am-ը։

Պայթյունից վնասվել են Մարտուն Մկոյանի լսողական ընկալիչները: Միջադեպի վերաբերյալ հարցուփորձին Մարտուն Մկոյանը հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, որ լավ չի լսում:

Իսկ պատգամավոր Հենզել Մկոյանն ասել է. «Ես հյուրեր ունեի, նրանց հետ էի, զանգեց եղբայրս, ասաց շատ մեծ պայթյուն է եղել իր կողքին, որից ինքը սկսել է լսելու ունակությունը կորցնել, բացի դրանից մեքենայի վրա մուր է հայտնվել, մեքենայի բոլոր 6 անվտանգության գոտիները բացվել են:

Ես եկա դեպքի վայր, տեսա, որ ծառի ճյուղերը ջարդված են, պայթյունից ծառի տակ փոս է առաջացել: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շենքերի ապրողները դուրս են եկել վախեցած, պայթյունը լսել են նույնիսկ քաղաքի կենտրոնում»:

Պատգամավորը եղբոր մեքենայի պայթյունի փորձը կապում է իր գործնեության հետ և վստահ է, որ նպատակակետը ինքն է եղել, ոչ թե եղբարը:

«Սա մեր ընտանիքի վրա մտածված է կատարվում: Երեկ երեկոյան եղբորս մեքենայով ես իջել եմ ՀԷԿ, երևի սա էլ են հաշվի առել: Դուք երևի իմ ֆեյսբուքյան էջում տեսել եք, որ հուլիսի 20-ին ինձ զանգել և սպառնացել են, որ տնից դուրս չգամ, խելոք նստեմ տանը, ընտրություններին չմասնակցեմ, թե չէ իրենք ինձնից ամենաթանկագինը կխլեն: Երկրորդ անգամ ամսի 24-ին զանգել են վայբերով, ռուսական համարով, ասել են՝ անպայման պետք է մեծ գումար ուղարկեմ, եթե՝ ոչ, ապա նրանք ինձ կսպանեն: Նա ասաց, որ 15 տարի նստել է և պատրաստ է ևս 20 տարի նստել, եթե ես չկատարեմ պահանջը: Ես դիմեցի գլխավոր դատախազություն որպես պատգամավոր, որ ինձ սպառնում են, դիմեցի պարոն Շոթաձեին, նա իմ դիմումն ուղարկել է Ախալցիխեի ոստիկանություն:

Այսօր եղավ այն, ինչը սպասելի էր, այսինքն՝ այդ մարդիկ պատահական մարդիկ չեն: Մարտի 26-ին իմ վրա կատարվեց մահափորձ, տեսանյութերը կան, այսօր հասավ այն վիճակին, որ իմ ընտանիքի անդամները, իմ երեխաները, իմ կինը՝ բոլորի հոգեբանությունը խառնվել է, նրանք գիշերը չեն քնում, դեղորայք են խմում: Այսօր մենք անպաշտպան ենք, որովհետև դեպքերը լինում են, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ես կարծում եմ, որ հիմնական նպատակակետը ես եմ եղել, ոչ թե եղբայրս»։

Հիշեցնենք, որ պատգամավոր Հենզել Մկոյանի փաստաբան Տարիել Մուրմանիշվիլին հայտարարել էր, որ Մկոյանին եւ նրա ընտանիքին սպառնում են սպանել: Մկոյանից պահանջել են նաեւ հեռանալ քաղաքականությունից: Նրա խոսքով՝ Մկոյանին երկու անգամ սպառնալիքներով զանգել են Ռուսաստանից: Զանգողը Մկոյանի հետ խոսել է ռուսերենով կովկասյան շեշտադրմամբ: