Գեղարքունիքի ոստիկանները գողության և գողության փորձի փաստերով խմբի են բերման ենթարկել (տեսանյութ)


Գեղարքունիքի ոստիկանները գողության և գողության փորձի փաստերով խմբի են բերման ենթարկել (տեսանյութ)
Օգոստոս 22 00:20 2020

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները օգոստոսի 19-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նորատուս գյուղի Բարեկամություն թաղամասի չգործող ռեստորանի շենքում գողություն է կատարվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Իրավապահները մեկնել էին դեպքի վայր: Մի խումբ անձինք, որ ռեստորանի տարածքից գողություն էին անում, տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ դիմել էին փախուստի:

Ոստիկանները հետապնդել, բռնել և, գողություն կատարելու կասկածանքով, Գավառի բաժին բերման էին ենթարկել Վանաձորի 38-ամյա մի բնակչի: Մյուսները կարողացել էին փախչել: Բայց պատասխանատվությունից խուսափել չէր հաջողվել:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ Նորատուս գյուղի Բարեկամության թաղամասի չգործող ռեստորանից 38-ամյա տղամարդու հետ գողության փորձն արել են չորս երիտասարդ:

Նրանք ժամեր անց հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Գավառի բաժին:

Կասկածվողները տվել են խոստովանական բացատրություն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում նրանք նույն ռեստորանից գողացել են ալյումինե դռներ, ջահեր, մալուխ և սպասքի պարագաներ:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: