Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ Օմսկի հիվանդանոցից տեղափոխումը բազմաշերտ մի գործընթաց է, որի մեկնարկը նոր է տրվում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Պիրոգովի անվան ազգային կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Բորիս Տյոպլիխի հայտարարությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ գերմանական Նյուրնբերգ քաղաքից Օմսկ բժիշկներով լի ինքնաթիռ է ժամանել, որով, ինչպես ենթադրվում էր, Գերմանիայում գտնվող կլինիկաներից մեկ է տեղափոխվելու Նավալնին։ Ուրբաթ երեկոյան Օմսկի հիվանդանոցի բժիշկները հայտարարել են, որ քաղաքական գործչի հարազատների խնդրանքից և տեղափոխման պատասխանատվությունը իրենց վրա վերցելուց հետո հետո դեմ չեն լինի, եթե նրան տեղափոխեն։
«Ընտանիքն որոշում է կայացրել։ Այս գործընթացը նոր է սկսվում- այսինքն՝ տեղափոխման համար պատրաստվելու է ինքնաթիռը, մեքենան, հենց ինքը՝ հիվանդը։ Սա բազմաշերտ խնդիր է, որն այժմ պետք է իրականացնենք»,- նշել է Տյոպլիխը։
Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլիյ Կալինչենկոն, իր հերթին, հայտնել է, որ դա շատ ժամանակ չի խլի և հորդորել է չանհանգստանալ այդ հարցի շուրջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, ավելի վաղ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով թույլ տալ իր ամուսնու տեղափոխությունը Գերմանիայի կլինիկաներից մեկը։
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր հերթին, հայտնել էր, որ Ալեքսեյ Նավալնիին Գերմանիա տեղափոխելու հարցով վերջինիս ներկայացուցիչներից Կրեմլում պաշտոնական դիմում չեն ստացել, սակայն տեղյակ են, որ այդ մասին հաղորդագրություններ եղել են սոցցանցերում:
Ավելի վաղ Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին լրագրողներին հայտնել էր, որ բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի հետ կապված ունեն 5 աշխատանքային ախտորոշում: Ըստ նրա՝ հստակ ախտորոշման համար կպահանջվի ևս 2 օր:
Մուրախովսկին նշել էր նաև, որ այսօր առավոտյան բժիշկները կոնսիլիում են անցկացրել լավագույն մասնագետների մասնակցությամբ: Բժիշկները գտնում են, որ նրա վիճակը թույլ չի տալիս տեղափոխել նրան Գերմանիա:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը երեկ Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։










