Մեր պետական համակարգում արագությունն ամենամեծ պրոբլեմն է. այս մասին Սևանում ճանապարհաշինության ընթացքին ծանոթանալու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին է եկել Սևան և խոստացել, որ Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերը Սևան քաղաքին կապող ճանապարհի շինարարության համար պետությունը կօժանդակի: Նա նշեց, որ խոսքը 5,3 կմ ճանապարհի մասին է և անհրաժեշտ է 800 մլն դրամ, ինչը համայնքի բյուջեի միջոցներով հնարավոր չէ հատկացնել: «Այսօր այստեղ եմ նորից և պարզվում է՝ երեկվանից շինարարական աշխատանքներն սկսվել են, դա, իհարկե, զուգադիպություն է»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ուրախ է, որ վերջապես ասֆալտապատման աշխատանքներն սկսել են և նշեց, որ նախարարին և մարզպետին հարցրել է՝ ինչ եղավ ճանապարհի ասֆալտապատումը, խոստացել ենք, ասել են՝ ընթացքի մեջ է:
Մի քաղաքացի մոտեցավ և ձեռքով բարևեց Փաշինյանին, վերջինս ասաց, որ հակահամաճարակային կանոնները խախտում են, քաղաքացին էլ նշեց ինքն առողջ է, վարչապետը հակադարձեց՝ գուցե ինքը վարակի նրան: «Մենք լավ մարդիկ ենք, չենք վարակվի»,- ասաց քաղաքացին: Ի պատասխան Փաշինյանը կատակեց. «Էլի մարդիկ կային, որ այդպես էին ասում»:
«Ես էս գյուղացի եմ, իմ խնդրանքը եթե այս ճանապարհն ենք կառուցելու, վերևի ճանապարհը ստրատեգիական է, եթե ծովը մեկ մետր բարձրացավ, մենք էնտեղով կգնանք կգանք»,- ասաց վարչապետին մոտեցած քաղաքացին:
Փաշինյանն էլ պատասխանեց. «40 տարի անց էս ճամփեն նորոգվում է, թող սա հորով-մորով անենք, մյուս անգամ, որ կգամ, էն մյուս ճանապարհի մասին կխոսենք: Հայաստանում ամենամեծ պրոբլեմը այն է, որ մի տեղ սարքում ենք փողոց, կողքի փողոցի ժողովուրը մեզնից նեղանում է, ասում է՝բա մե՞րը ինչու չեք սարքում: Փոխանակ ասեն՝ ինչ լավ է, 40 տարի է՝ գործի չի արվել, հիմա արվում է, դա նշանակում է՝ հաջորդը մերն է»:
Սևանի քաղաքապետն էլ ասաց, որ եթե այս գլխավոր ճանապարհը կառուցվի, մնացածը համայնքի միջոցներով կանեն: Վարչապետն էլ ասաց, որ Գեղարքունիքի մարզպետն իրեն ասել է, որ 121 կմ ասֆալտապատում է իրականացվել Գեղարքունիքում: «20 թվականին՝ այս ճգնաժամային տարում, միայն Գեղարքունիքի մարզում 120 կմ ասֆալտապատում է արվում»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում










