Դատավորների ընդհանուր ժողովը դեռ շարունակվում է. իրականացվում է քվեաթերթիկների մշակում


Դատավորների ընդհանուր ժողովը դեռ շարունակվում է. իրականացվում է քվեաթերթիկների մշակում
Հուլիս 31 22:23 2020

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը դեռ շարունակվում է։ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը NEWS.am-ին հայտնեց, որ այս պահին իրականացվում է քվեաթերթիկների մշակում։

Քվեաթերթիկների մշակումից հետո ժողովը կշարունակվի։

Խաչատրյանը նշեց, որ ժողովից հետո տեղի կունենա ԲԴԽ ընտրված անդամների երդման արարողությունը եւ կամփոփվեն այսօրվա ընտրության արդյունքները։

Արման Խաչատրյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հակված է լրագրողների հետ հանդիպում ունենալ եւ ամփոփել արդյունքները, սակայն ուշ ժամ է եւ հնարավոր է՝ հանդիպումն անցկացնել այլ օր։

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը անցկացվում է դռնփակ, նիստին 236 դատավորից մասնակցում է 180-ը։

ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը պետք է կայանար դեռեւս մարտի 13-ին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր։

Ընդհանուր ժողովի օրակարգը բավականին հագեցած է. դատավորները պետք է կատարեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաեւ դատավորների գործունեության գնահատման եւ Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրություն։

ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը եւ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու համար առաջադրվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Ստեփան Միքայելյանը, Գոռ Հակոբյանը եւ Սուրեն Անտոնյանը։

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի համար Վճռաբեկ դատարանի կողմից առաջադրվել է Աշխեն Ղարսլյանի թեկնածությունը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի կողմից՝ Արսեն Թավադյանինը, իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ–ի կողմից՝ Անահիտ Մանասյանինը։ Չորս թեկնածու էլ ներկայացված է ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների թվում. մասնավորապես Վերաքննիչ քրեական դատարանի թեկնածուն Գաբրիել Պետրոսյանն է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ–ի թեկնածուն՝ Հասմիկ Հարությունյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ինը՝ Արտաշես Խալաթյանը, իսկ թեկնածուներից Աշխեն Ղարսլյանն էլ ինքնառաջադրվել է։

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում յուրաքանչյուր հանձնաժողով իր կազմից հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը: