Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ


Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ
Հուլիս 26 15:25 2020

Այսօր, հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքացու տարածքում։ Mercedes-ն էլ գլխիվայր հայտնվել է կայանված վիճակում գտնվող VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վրա։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից մեկը տեղափոխվել է «Սևանի», 3-ը՝ «Ճամբարակ» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի և Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները։

Օպերատիվ են գործել նաև Սևանի և Ճամբարակի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։