Սևանում լողալը խիստ վտանգավոր է․ կապտականաչ ջրիմուռների քանակը շատացել է, դրանք մարդկանց մոտ կարող են մի շարք առողջական խնդիրներ առաջացնել․ Վահագն Վարագյան


Սևանում լողալը խիստ վտանգավոր է․ կապտականաչ ջրիմուռների քանակը շատացել է, դրանք մարդկանց մոտ կարող են մի շարք առողջական խնդիրներ առաջացնել․ Վահագն Վարագյան
Հուլիս 24 23:22 2020

«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես բացատրում է, թե ինչո՞ւ է Սևանում լողալը մարդու առողջության համար խիստ վտանգավոր։ Գրառումը՝ ստորև․

«Սևանա լճի կանաչումը նշանակում է, որ ցիանոբակտերիաների, ավելի հանրամատչելի լեզվով ասած՝ կապտականաչ ջրիմուռների քանակը չափից ավել շատացել է ջրային ավազանում: Այս բակտերիաները մարդկանց մոտ կարող են մի շարք լրջագույն առողջական խնդիրներ առաջացնել՝ ստամոքսաղիքային, մաշկային, շնչառական, ինչպես նաև սրանք ազդում են նյարդային համակարգի վրա:

Սրանցով հարուստ ջրերում լողալու դեպքում մաշկի վրա կարող են կարմրություններ ի հայտ գալ, քոր, այրոցի զգացողություն և այլն: Որովայնի հատվածում կարող է սուր ցավեր դրսևորվել, քթի փակվածություն, աչքերի շրջանում քոր և նույնիսկ շնչարգելության թույլ դրսևորոմներ: Սրանք նաև տարատեսակ խրոնիկ հիվանդություններ են առաջացնում:

Ամռանը ցիանոբակտերիաների չափից ավել բազմացման հետևանքով (իսկ Սևանը կանաչել է հենց այդ պատճառով) ջրի pH-ը դառնում է ավելի հիմնային՝ դրանով նպաստավոր պայմաններ ստեղծելով պոլիոմելիտի վիրուսի և խոլերայի բակտերիաների զարգացման համար, իսկ սա նոր համաճարակի վտանգ է առաջանում: Կորոնավիրուսը մեզ բավարար չէ՞:

Մեկ այլ կարևոր վտանգներից է ցիանոբակտերիաներով հարուստ ջրերից ձկների օգտագործումը մարդկանց կողմից, որը խիստ վտանգավոր է հատկապես մարդու ստորին վերջույթների նյարդային և մկանային համակարգերի համար, քանի որ կարող է տարբեր խնդիրներ ստեղծել, հարգելիներս, կանաչած Սևանում լողալը առողջության համար խիստ վտանգավոր է: Չկա մասնագետ, կրկնում եմ՝ չկա մասնագետ, որ հակառակը կպնդի»։