Մենք հավատում էինք Նիկոլին, բայց Նիկոլն էլ ոչ մի բան չարեց. Եկմալյան փողոցի բնակիչները կրկին բողոքում են


Մենք հավատում էինք Նիկոլին, բայց Նիկոլն էլ ոչ մի բան չարեց. Եկմալյան փողոցի բնակիչները կրկին բողոքում են
Հուլիս 23 19:44 2020

Ոչ մի քայլ չի կատարվել, ոչ տուն են տալիս, ոչ փոխհատուցում են տալիս, հարցը մնացել է անլուծելի: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, Կառավարության շենքի դիմաց նշեցին Եկմալյան փողոցի բնակիչները, որոնք կրկին բողոքի ակցիա են իրականացնում:

Ամիսներ առաջ Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ նրանց հանդիպել էր Երեւանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը, խոստացել՝  հաջորդ հինգշաբթի խնդիրը լուծել, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել:

«Ներդրողը որոշել է, որ պետք է կառուցի 26 և 27 հոգու համար 11-17 հարկանի շենք, բայց թույլ չեն տվել: 5 հարկանի շենք են թույլ տալիս, որով ներդրողը տակից դուրս չի գա: Դրա համար մինչև այսօր մեր հարցը անհույս մնացել է: Արդեն 13 տարի Եկմալյանի բնակիչներ ենք՝ տուժված, անտուն ապրում ենք: Եկմալյանը կիսաքանդված վիճակում է, գնդակի նման տշշում են. քաղաքապետարանը ասում է վարչապետը կորոշի, վարչապետը գցում է քաղաքապետի վրա»,- նշեց Եկմալյանի  բնակիչը:

Մեկ այլ բնակիչ էլ  նշում է, որ արդեն 13 տարի է՝ ինչ խնդիրը չի լուծվում.մենք ընդամենը մեր տունն ենք ուզում, ավել բան չենք ուզում:

«Մենք հավատում էինք Նիկոլին, բայց Նիկոլն էլ ոչ մի բան չարեց, ասեցինք՝ ինչ-որ մեկի մեջ գոնե արդարություն կլինի: Մենք ինչքան այստեղ կանգնենք,  կամ ինչքան դեռ պետք է գնանք, գանք, որ մեր խնդիրը լուծում ստանա»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ  Եկմալյան փողոցի  բնակիչները արդեն 15 տարի պայքարում են քանդված տների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հանրային գերակա շահ ճանաչված տարածքում 3 բարձրահարկ է կառուցվել, սակայն տարածքի բնակիչներին ոչ մի բնակարան չի հատկացվել, թեեւ ունեն նախապես կնքված պայմանագրեր: Նրանց մեծ մասը վարձով է բնակվում, իսկ մի քանիսն ապրում են Եկմալյանի` դեռ չքանդված, սակայն կիսախարխուլ, կոմունալ հարմարություններից զուրկ տներում: