Մոսկվայի իշխանությունները վստահեցնում են, որ «Ֆուդ Սիթի» շուկայում հայկական ապրանքների հետ կապված խնդիրները կարգավորվել են


Մոսկվայի իշխանությունները վստահեցնում են, որ «Ֆուդ Սիթի» շուկայում հայկական ապրանքների հետ կապված խնդիրները կարգավորվել են
Հուլիս 19 19:50 2020

Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչության ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է «Ֆուդ Սիթի» շուկայում ստեղծված իրավիճակը՝ կապված հայկական ապրանքների արգելքի հետ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ինքը պաշտոնյան:

«Ես դեսպանի հետ զրուցել եմ, ոչ մի խնդիր չկա, ծիրանները բոլորը վաճառվել են, իսկ «Ֆուդ Սիթի» այսօր 3 բեռնատար է մտել, նրանց մոտ ոչ մի խնդիր չկա»,- ասել է Նեմերյուկը:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ավելի վաղ հայտնել էր, որ դեսպանությունը դիմել է Մոսկվայի իշխանություններին հայկական ապրանքները շուկա չթողնելու շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու խնդրանքով: Նրա խոսքով՝ նախօրեին հայկական գյուղատնտեսական մթերքով 50 բեռնատար արգելափակված է եղել շուկայի տարածքում:

Հիշեցնենք, որ երեկ РБК-ի հետ զրույցում ՀՀ դեսպանը հայտնել էր, որ  դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել էին «Ֆուդ Սիթի» շուկա, որպեսզի պարզեն, թե ինչ է այնտեղ կատարվում, սակայն նրանց դուրս էին արել տարածքից:

Հուլիսի 16-ի գիշերը Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հանել էին հայկական ապրանքներով բեռնված մեքենաները:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ շուկան պատկանում է «Կիևսկայա պլոշչադ» ընկերությանը, որը ղեկավարում է Մոսկվայում խոշորագույն կոմերցիոն անշարժ գույքի գործակալություններից մեկի սեփականատերերի՝ Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի ակտիվները: