ԼՈՒՐԵՐ.com-ի հարցազրույցը հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանի հետ:
-Տիկին Ալավերդյան, երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակեցին տեսանյութ, որտեղ երևում է օրեր առաջ անհետ կորած համարվող Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով, փաստորեն, այս պահին գերության մեջ է: Ուշագրավ է, որ Նարեկը բողոքում էր ՀՀ իշխանություններից, շեշտում, որ ինքնակամ հատել է սահմանը և անգամ ցանկություն հայտնել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու մասին, ինչն արդեն շատ ծանոթ ձեռագիր է։ Նման տեսանյութերով ի՞նչ խնդիր է լուծում Ալիևը իր պետության ներսում, չէ՞ որ այդ տղան հովիվ է ու ամենապատահական ձևով է հայտնվել Ադրբեջանում:
Նախևառաջ, պետք է նշեմ, որ այս անգամ չեն հայտարարել, որ Նարեկը գերի է: Սա բոլորովին ուրիշ մոտեցում էր, և, իրապես, շատ հետաքրքիր է՝ որն է նպատակը: Ես համոզված եմ, որ տվյալ դեպքում նպատակներից մեկը էլի մնում է անփոփոխ, այն է՝ այն դիվերսանտները, որոնք գտնվում են Արցախում և կրում են իրենց պատիժը, վերադարձնի և հերոսացնի: Չնայած, արդեն առանց վերադարձնելու էլ հերոսացնում են:
Երկրորդն այն անմիջական և հետևողական աշխատանքն է՝ ստեղծելու Հայաստանի մասին իրենց ուզած պատկերը: Սա խոսում է այն մասին, որ ուզում են համոզել առնվազն իրենց քաղաքացիներին՝ «Շատ մի դժգոհեք, Հայաստանում շատ ավելի վատ է. լինեն սոցիալական վիճակը, կաշառակերությունը, թե այլ ոլորտներ»: Պետք է հստակեցնեմ, որ ինչպես էլ հիմա ներկայացնեն այս վիճակը, մեկ է՝ Ադրբեջանը, որպես պետություն, որը ստորագրել է Ժնևյան կոնվեցիանների մի շարք կարևորագույն հոդվածներ, մասնավորապես՝ 3-րդը, ոտնահարում է: Սկսենք այն բանից, որ ցույց են տալիս Նարեկին հեռուստատեսությամբ. դա կոպիտ խախտում է Ժնևյան կոնվեցիայի 13-րդ հոդվածի, որտեղ նշվում է՝ անձը, որը հայտնվել է սահմանից այն կողմ, պետք է միշտ պաշտպանության ներքո լինի և, մասնավորապես, նրա հետ պետք է վարվել մարդասիրաբար: Երկրորդը, իրենից չպետք է հարցնեն որևէ այլ բան, բացի իր ինքնությունը հաստատող տեղեկություններից, մնացյալը համարվում է, որ ինքը հայտնվել է այնպիսի վիճակում, որտեղ իրեն կարող են պարտադրել՝ վախեցնելով կամ ուրիշ ճնշումներով ասել այն, ինչը Նարեկն ասում է տեսանյութում. դա միջազգային մարդասիրական իրավունքի այբուբենն է, դրա համար է, որ չի թույլատրվում ավել բան հարցնել և գերուն ցույց տալ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։










